
Մեծ Բրիտանիան վերացնում է Լորդերի պալատում ժառանգական տեղերը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է Լորդերի պալատից ժառանգական տիտղոսակիր անդամներին հեռացնելու մասին օրենքը․ գրում է Reuters գործակալությունը։
Նոր օրենքով վերջ է դրվում վերին պալատում արիստոկրատական տեղերի դարավոր համակարգին, ըստ որի՝ որոշ անդամներ իրենց տիտղոսը և տեղը Լորդերի պալատում ժառանգում էին ընտանիքից և այն փոխանցում սերնդեսերունդ։
Նշվում է, որ այսպիսով ավարտին է հասցվել ավելի քան 25 տարի առաջ ծրագրված բարեփոխումը և ի կատար է ածվել վարչապետ Քիր Սթարմերի խոստումը՝ արդիականացնել խորհրդարանի վերին պալատը։
Լորդերի պալատի ղեկավար Անջելա Սմիթը նշել է, որ լորդերը «կարևոր դեր են խաղում մեր երկպալատ խորհրդարանում, բայց ոչ ոք չպետք է հայտնվի պալատում ժառանգական տիտղոսի ուժով»։
1999 թվականին ժառանգական տիտղոսակիրների մեծ մասը՝ ավելի քան 600 անդամ, հեռացվեց Լորդերի պալատից, քանի որ համակարգը համարվում էր հնացած։ Արդյունքում ժառանգական իրավունք ունեցող 92 անդամներից կազմված փոքր խմբին թույլատրվեց ժամանակավորապես պահպանել իրենց տեղերը։ Այժմ նոր բարեփոխմամբ հեռացվում են մնացած 92 տեղերը՝ լիովին վերացնելով ժառանգական համակարգը։


