
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այլև իրականում. Ալիևն ու Կոշտան հանդիպել են
Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության գործընթացում․ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան` Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացն արժանի է բարձր գովասանքի։
«Խաղաղությունը շատ դրական ազդեցություն ունի երկու երկրների ժողովուրդների վրա։ Ադրբեջանի դերը տարածաշրջանային օրակարգում նույնպես աճում է», -նշել է նա։
Ալիևն, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այլև իրականում։
«Մենք արդեն ապրում ենք երկարատև խաղաղության պայմաններում։ Վերջին յոթ ամիսների ընթացքում մենք սկսել ենք ավելի շատ նավթամթերք մատակարարել Հայաստան։ Մենք վերացրել ենք մեր տարածքով այլ երկրներից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժեղ քաղաքական կամքը», – նշել է Ադրբեջանի նախագահը։
Նա ընդգծել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթերի կարևորությունը՝ հավելելով, որ խաղաղությունը հավերժ է։
«Երբեմն նման փաստաթղթերը կարող են որոշ ժամանակ մնալ թղթի վրա։ Մեր դեպքում՝ սկսած 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի հետ վերջին արյունալի ռազմական բախումից մինչև 2025 թվականի օգոստոսի խաղաղությունը, ես կարծում եմ, որ սա լավագույն ցուցանիշն է այն բանի, որ ազգերն ու ժողովուրդները կարող են հաշտվել, եթե երկու կողմերն էլ ցուցաբերեն քաղաքական կամք և նվիրվածություն խաղաղությանը։ Խաղաղությունից լավ բան չկա։ Միայն պատերազմ տեսածներն են իսկապես հասկանում դրա արժեքը», – նշել է Իլհամ Ալիևը։


