
Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը․ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում՝ կետերով
Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ․ այսօր Եվրախորհրդարանում ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացնում ենք Փաշինյանի ելույթի առանցքային հատվածները՝ կետերով․
- Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում։
- Անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով գնացք եկավ ՀՀ։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, և ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։
- Պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման։
- Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։
- ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կոռնիձոր-Գորիս- Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։
- Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը։
- Եթե 2024-ի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, ՀՀ-ն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։
- Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը։
- Հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդներն իրենց սիմվոլն էին դարձրել, 2024 թվականից հետո տների մոտ 50%-ի աճ է ունեցել կառավարության աջակցությամբ, և այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է, իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։
- Անձամբ ես քաղաքացիների խմբերի շրջագայություններ եմ կազմակերպում Կիրանց գյուղ՝ մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ իրական Հայաստան ասելով, որի սիմվոլը կրում եմ կրծքիս։ Սա անկախ Հայաստանի տարածքի քարտեզի ուրվագիծն է։
- Որոշ հոգևորականներ, որոնք ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։
- Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու, մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվեն հակաքրիստոնեական նպատակների համար։
- Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի ու եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։ Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է՝ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում։


