13 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի համար

Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 5-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Իրանի հասցեին արված սպառնալից հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են գտել Բաքվի դաշնակից Թուրքիայում. տեղեկանում ենք «Գեղարդ» վերլուծական կենտրոնի հոդվածից։

«Այդ հայտարարությունները հաջորդել էին մարտի 5-ին Նախիջևանի տարածքի՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներին, որոնք Ադրբեջանի նախագահը որակել էր «ահաբեկչություն», և նշել, որ երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության։

Ալիևի այս կոշտ մեկնաբանությունները վերջին օրերին բուռն քննադատությունների են արժանացել թուրքական տեղեկատվական դաշտում։ «Ադրբեջանն Իսրայելի խամաճիկն է», «Ադրբեջանը մեր եղբայրը չէ․ նրանք սիոնիստներ են», «Մենք փրկեցինք ձեզ Ղարաբաղում» և նման արտահայտությունները վերջին օրերին գերիշխում են թուրքական մամուլում:

Լրագրող Շամիլ Թայարը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմներից է, Իլհամ Ալիևին հիշեցրել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ը, երբ Բաքվից Գրոզնի թռչող «AZAL» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը խոցվել էր ռուսական հակաօդային հրթիռով։ Զոհվել էր 38 ուղևոր։ Ավելին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել էր, որ ինքնաթիռը խոցել է ռուսական ՀՕՊ-ը։

«Ոչ ոք նրանց «անպատվաբեր» չանվանեց։ «Մենք ձեր գլուխները կկտրենք» սպառնալիքներ չհնչեցին։ Հիմա, երբ Իրանն ասում է, որ «մենք չենք արձակել հրթիռը», և միջադեպը դեռևս պարզաբանված չէ, ո՞րն է այս զայրույթի պատճառը։ Միակ պատճառը Իսրայե՞լն է»,- գրել է նա «X»-ի իր միկրոբլոգում։

Ըստ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին անդամ և փաստաբան Մյուջահիտ Բիրինջինի՝ թուրքերը հանդուրժել են Ալիևի՝ Իսրայելի նկատմամբ ցուցաբերած համակրանքը Գազայում տեղի ունեցած ողջ դեպքերի ընթացքում։ «Նա մատ է թափ տալիս բոլորի վրա և փորձում է համաշխարհային պատերազմ սկսել անօդաչու թռչող սարքերի շինծու միջադեպի պատճառով։ Թվում է, թե բաժակը լցվել է…»,- գրել է նա ։

Իշխանամետ, հայտնի թուրք լրագրող Իբրահիմ Քարագյուլին էլ իր կարծիքն է հայտնել, թե Իսրայելն անհավանական ճնշում է գործադրում և դավադրություն է կազմակերպում՝ Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Ըստ սոցցանցերում տարածված գրառումների՝ Թուրքիայում Իլհամ Ալիևին քննադատելու համար որոշ օգտատերեր ձերբակալվել, հարցաքննվել են։

Ի պատասխան Անկարայից հնչող մեղադրանքների՝ գործին են անցել Բաքվի իշխանական քարոզչամեքենան և լրատվամիջոցները։

«Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր, Միլլի մեջլիսի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուսա Գուլիևն Ադրբեջանի դեմ քարոզչական արշավ կազմակերպելու համար մեղադրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսային՝ Բերաթ Ալբայրաքին։

«Ցավոք, մեր հասարակություններում նախկինում և այսօր էլ գոյություն ունեն ուժեր, որոնք թաքցնում են իրենց նպատակները տարբեր անունների տակ, և փորձում են իրականացնել իրենց կեղտոտ մտադրությունները… Փաստ է, որ Ադրբեջանում կան խմբեր, որոնք գործել են Թուրքիայի դեմ։ Սակայն, նրանց կեղտոտ գործունեությունն արդյունավետորեն կանխվել է»,- հայտարարել է պատգամավորը»,- ասված է վերլուծության մեջ։

Հոդվածն ամբողջույթյամբ՝ վերլուծական կենտրոնի հոդվածում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ