
Հայաստանն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր․ Ալիև
«Մենք փաստացի խաղաղության մեջ ենք ընդամենը 7 ամիս։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ուժեղ քաղաքական կամք, քաջություն և խաղաղության ու արդարության նկատմամբ նվիրվածություն։ Մեր դեպքում դա տևեց երկար տարիներ՝ մոտավորապես 30 տարի»․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է հասել նախ ուժով, ապա՝ քաղաքական միջոցներով։ Ալիևն ընդգծել է՝ խաղաղությանը հասնելը հեշտ չէ։ Այսօր ձգձգվող հակամարտությունները շարունակվում են, և աշխարհի քարտեզի վրա նոր «թեժ կետեր» են ի հայտ գալիս։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ապա այնտեղ ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ։ Այսպիսով՝ 2023 թվականի սեպտեմբերի վերջին արյունալի բախումից մինչև 2025 թվականի օգոստոսին խաղաղության հասնելը տևեց երկու տարուց էլ պակաս։ Իմ կարծիքով՝ սա աննախադեպ արագություն է։ Սա հնարավոր դարձավ ուժեղ քաղաքական կամքի և այն ըմբռնման շնորհիվ, որ հավերժական թշնամանքն անհնար է, և որ պատերազմը պետք է ավարտվի։ Սա երկու երկրների ընտրությունն էր։ Այժմ, ինչպես արդեն նշել եմ, մենք 7 ամիս ապրում ենք խաղաղության մեջ, և տեսնում ենք դրա օգուտները։ Ես բազմիցս ասել եմ և երբեք չեմ հոգնի կրկնելուց, որ խաղաղությունից լավ բան չկա», – նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, թե սահմանին իրավիճակը հանգիստ է, այլևս կրակոցներ չեն լինում, և զոհեր կամ կորուստներ չկան։
Անդրադառնալով Մինսկի խմբին՝ նա նշել է, որ համանախագահները նպատակ չեն ունեցել լուծել հակամարտությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի 28-ամյա միջնորդությունը ձախողվել է։ Համանախագահների նպատակը հակամարտությունը լուծելը չէր, այլ այն սառեցնելը և երկու երկրների վրա որպես լծակ օգտագործելը։ Հետևաբար, մենք եզրակացրինք, որ այս «միջնորդությունից» պետք է հրաժարվել։ Սա պարզապես տեսություն չէ, այլ իրական փորձ։ Հետևաբար, կարծում եմ, որ այս փորձն անպայման հաշվի կառնվի առկա հակամարտությունների լուծումներ փնտրելիս»,- նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ իր անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։
«Հայաստանի հետ խաղաղության հասնելուց հետո մենք սերտորեն համագործակցում ենք Միջին միջանցքի նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ։ Այս երթուղին կանցնի Հայաստանի տարածքով, և անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։ Այն ներկայում նման կարգավիճակ չունի։ Այս նախագիծը կկապի Ադրբեջանի երկու մասերը՝ մայրցամաքը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը՝ կայուն տրանսպորտային գծով, էներգետիկ գծով, օպտիկամանրաթելային մալուխով, էլեկտրահաղորդման գծերով և, հնարավոր է, խողովակաշարերով։ Սա կստեղծի փոխշահավետ իրավիճակ բոլորի համար։ Քանի որ Ադրբեջանի երկու մասերը կկապվեն տրանսպորտային ենթակառուցվածքներով, նոր տրանսպորտային միջանցքը լրացուցիչ հնարավորություններ կբացի շատ երկրների համար»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։


