
Այս պետությունը Հայ եկեղեցու վաստակն է՝ նրա հայրապետների տեսլականը. Վահե Բեգոյան
ABC ինտերվյուի հյուրը «Սաղմոսերգու» արական երգչախմբի ղեկավար, դիրիժոր, կոմպոզիտոր Վահե Բեգոյանն է։ Վահեի հետ զրուցել ենք եկեղեցու դեմ իշխանության արշավի, մտավորականների դիրքորոշման և շատ այլ օրախնդիր հարցերի շուրջ։
-Ինչպե՞ս ստացվեց, որ ռաբիսն այսօր գերակայում է արվեստի տարբեր ճյուղերում, իսկ ժողովրդական երգն ասպարեզից դուրս է մղել։ Շատերի մոտ նույնիսկ թյուր կարծիք կա, որ հենց դա է հայկական երգը։
-Այն բանից հետո, երբ քաղաքի քաղաքապետն իրեն իրավունք էր վերապահել ինչ-որ մեկին գուսանի կոչում շնորհել, ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Այդ պատմությունը հետո ավելի զավեշտալի ընթացք ստացավ․ Գիտությունների ազգային ակադեմիան հրատարակեց երաժշտական հանրագիտարան, որտեղ Խաչատրյանի, Գյոդակյանի և այլ մեծանուն կոմպոզիտորների կողքին զետեղվեց այդ ռաբիսի մասին հոդվածը, որտեղ ներկայացված է ոչ միայն նրա կենսագրությունը, այլև նրա շլյագերային երգերը՝ խայտառակ վերնագրերով։ Պատկերացրեք այդ տեսարանը․ բացում եք հանրագիտարանը՝ մեկ էջի վրա Գյոդակյանն է, իսկ մյուս էջի վրա՝ այդ ռաբիզը։ Ամենասարսափելին այն է, որ նրանք նույն հարթության մեջ են դրվել, և դա արվել է երաժշտագետների կողմից, ովքեր, հակառակը, պետք է հենց այդ խնդիրը լուծեին։ Ո՞րն է իրենց գործը՝ մաքրելն է, չէ՞։ Բրինձ մաքրողի նման նստել և զտել։ Ի՞նչից ելնելով են որոշել, որ նրա անունը պետք է այդտեղ զետեղվի. երևի թե լայքերի քանակից ելնելով։
-Ի դեպ, հիշեցի, որ մի անգամ այդ թեմայով խոսելիս ռաբիզ երգիչներից մեկը հակադարձեց ինձ․ «Ժողովուրդը մեզ է լսում, ու իմ դիտումները միլիոնների են հասնում»։
-Եվ այդ միլիոնավոր դիտումները դարձել են լավի և որակի հոմանիշ։
-Իսկ հայ եկեղեցին այսօր կարո՞ղ է իր օրակարգը թելադրել, և ինչպիսի՞ն կարող է լինել այն, ձեր կարծիքով։
-Ես կարծում եմ, որ հայ եկեղեցին ոչ թե կարող է, այլ պետք է իր օրակարգը թելադրի, ավելին՝ պետք է առաջացնի այդ օրակարգը և խաղա իր կանոններով։ Մենք իշխանությունների կամ այլոց արածին արձագանքողի դերում ենք այս պահին։ Հարցն, անկեղծ ասած, ինձ չպետք է ուղղել։
-Դե ես Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։
-Կարծում եմ՝ հայ եկեղեցին մոր նման ցավով է հետևում իր զավակների պառակտված վիճակին, եկեղեցուց նրանց հեռացմանը։ Անկախ նրանից, թե այդ զավակն իր հասցեին ինչեր է ասում, միևնույն է նրա մայրական վերաբերմունքը չի փոխվում։
Հիմա այլ գործողություններ են անհրաժեշտ։ Լինում են չէ՞ դեպքեր, երբ ամբողջի կյանքն ու առողջությունը փրկելու համար ստիպված ենք լինում հրաժարվել մեզ համար շատ սիրելի, շատ թանկ –Ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու պատմական դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում։
-Երազը պահելը շատ կարևոր է։ Ես միշտ ասել եմ՝ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը, որովհետև այդ երազը՝ պետականության երազանքը, հայ եկեղեցին է պահել։ Մի քանի հարյուր տարի հետևողականորեն ամեն ինչ արել է դրա համար՝ հասկանալով, վերլուծելով, թե ինչ է պետք դրա համար, որքան մարդկային ռեսուրս է անհրաժեշտ, որքան ֆինանսական։ Դարեր շարունակ այս կառույցը ջանք է գործադրել՝ հասցրել այն օրվան, երբ այս տարածքներում հնարավոր է դարձել վերականգնել Հայոց պետականությունը։ Սա հայ եկեղեցու վաստակն է։ Այսօր մարդիկ նստել են այդ պետության վրա և հարկահավաքի մոտեցմամբ հարստահարում են ժողովրդին, միաժամանակ վայրահաչում են թե՛ պետության, թե՛ եկեղեցու դեմ։ Այս պետությունը հայ եկեղեցու վաստակն է՝ նրա հայրապետների տեսլականը և այն երազանքը, որ նրանք ձևակերպեցին, դրեցին որպես հեռահար ծրագիր և կարողացան իրագործել։ Բայց հիմա պահանջում են, որ եկեղեցին քաղաքականությամբ չզբաղվի հասկանո՞ւմ եք։
-Ինչպիսի՞ն է Հայ առաքելական եկեղեցու ներկայությունն ու դերակատարությունը աշխարասփյուռ հայության կյանքում։
-Հայ առաքելական եկեղեցին միայն Հայաստանի եկեղեցին չէ։ Հայաստանից դուրս այն ունի անհամեմատ ավելի շատ հետևորդներ և ունի նաև երեք նվիրապետական աթոռ։ Հիմա այստեղ կարող են մեզ բոլորիս նույնիսկ հավաքել, բանտերը լցնել, գնդակահարել, ինչ-որ պատճառ գտնել և վերացնել, բայց դա չի նշանակելու Հայ եկեղեցու վերացում։ Հայ եկեղեցին ժամանակից դուրս, հավիտենականության մեջ գոյություն ունեցող հսկայական կառույց է՝ շուրջ երկու հազար տարվա պատմությամբ։ Այն հնարավոր չէ վերացնել նման կերպարներով, կամ բողոքական մոդելի ինչ-որ ճանապարհային քարտեզներով, որոնք ավելի շատ նոր աղանդի հիմնման հռչակագիր են հիշեցնում։ Կարծում եմ եկեղեցին պետք է դրան հենց այդպես էլ արձագանքի՝ շեշտելով, որ սա նոր հերձվածի փորձ է։ Հայ եկեղեցում որևէ մեկը չի կարող իր կամքով ինչ-որ բան անել։ Հայ եկեղեցին ընդհանրական եկեղեցու մաս է, Քրիստոսի մարմինն է, և այդ եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Ժամանակավոր հալածանքներ միշտ եղել են։ Ե՞րբ հայ եկեղեցին հալածանքների տակ չի եղել՝ հալածվել է առաջին դարից սկսած։
-Ի՞նչ հետևանքներ կունենա այս արշավը վրա Հայ եկեղեցու վրա, որպես կառույց և ինչպիսի ընկալումներ կձևավորի ժողովրդի մոտ։
-Եկեղեցին այս ընթացքում դուրս կգա անհամեմատ ավելի մաքուր, բյուրեղացած, ամուր, իսկ ժողովուրդն՝ ավելի տեղեկացված ու գիտակից։ Այս ամենը բերեց նրան, որ նույնիսկ նրանք, ովքեր անտարբեր էին, կամ հետաքրքրված չէին, սկսեցին հետաքրքրվել եկեղեցու պատմությամբ։ Իմ ընկերներից շատերը աթեիստ են, բայց գնացին և կանգնեցին ի պաշտպանություն Մայր Աթոռի։ Նույնիսկ աթեիստները հասկանում են, որ այս պայքարը անձերի դեմ չէ, այլ տեսակի՝ լինել-չլինելու հարց է։ Կարող է անձնագրիդ մեջ գրված լինի «հայ», բայց դու իրականում ուրիշ բան լինես։ Այստեղ նաև տեսակի պայքարի հարց կա, և մարդիկ դա հասկանում են։ Այդ ամենից նրանք դուրս կգան ավելի կոփված։ Այս ամենի արդյունքում ժողովրդի մեջ ավելի կբարձրանա սեփական եկեղեցու և պատմության ճանաչումը։ Սա առիթ է նորից հետ գնալու, ուսումնասիրելու, մի հարց ավել տալու և երկու պատասխան ավել լսելու։
-Ե՞րբ սկսվեց մեր մշակույթի հեռացումն իր հայկականությունից։
-Դա սկսվեց նաև նրանից, երբ սկսեցին այդ մարդկանց պետական կոչումներ տալ՝ «վաստակավոր արտիստ» և այլն։ Սա աղետ է։ Երբ պետությունը չի տարբերակում իրենը և օտարը, դա վտանգավոր է։ Պետության համար օտարը միայն ռազմական դիրքերով չի արտահայտվում, նաև մշակութային դիրքերն են կարևոր։ Նախ քննում են դրանք, հետո սկսում հարձակվել հենց այդ դիրքերի վրա։
-Այն դեպքում, երբ մեր հիմնական ռեսուրսները մշակութային են։
-Մեր ռեսուրսները, ըստ էության, միայն մշակութային են, մի քիչ էլ՝ սպորտային։ Եթե պետությունը չի տարբերակում և ասում է՝ սա էլ է վաստակավոր, նա էլ է վաստակավոր, բնականաբար դա պիտի բերեր այս իրավիճակին։ Սա պատահական չեղավ։
-Երբ զրուցում էինք, հիշեցի իմ համալսարանի դասախոսներից մեկին։ Նա ասում էր՝ լավը քիչ է, բայց շատ ծանրակշիռ է։ Դուք համաձա՞յն եք այդ պնդման հետ։
-Այո՛։ Եվ մի բան էլ կա՝ լավը երբեք շատ չի լինում։
Զրուցեց՝ Լենա Գևորգյանը


