
Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար
2026 թ․ մարտի 11-ին TikTok սոցիալական ցանցում գրանցված xanabat muhavizə օգտատերը հերթական տեսանյութն է հրապարակել Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից․ այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
«Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «շինարարական աշխատանքների» պատրվակով ոչնչացվել է գյուղում՝ փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը։
Այս փաստը հերթական վկայությունն է այն համակարգված քաղաքականության, որով Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Առավել մտահոգիչ է, որ հենց նույն ժամանակաշրջանի Արցախի հուշարձանները ադրբեջանական պետական քարոզչամեքենան մի կողմից փորձում է ներկայացնել որպես «աղվանական» ժառանգություն, իսկ մյուս կողմից՝ նույն այդ հուշարձանները ենթարկվում են միտումնավոր ոչնչացման։ Այս հակասական, բայց հստակ նպատակ ունեցող քաղաքականությունը ցույց է տալիս, որ պատմական ժառանգության «վերագրումը» և ֆիզիկական ոչնչացումը իրականացվում են զուգահեռաբար՝ պետական մակարդակով համակարգված ձևով։
Հատկանշական է նաև, որ այդ գործընթացում ներգրավված են ոչ միայն քարոզչական կառույցները, այլև Ադրբեջանի զինված ուժերը և այլ ուժային ստորաբաժանումներ, ինչը մշակութային ժառանգության ոչնչացումը դարձնում է պետական քաղաքականության մաս։ Նման դեպքեր արձանագրվել են տասնյակներով՝ թե՛ Արցախում, թե՛ Նախիջևանում, որտեղ հայկական հուշարձանների համակարգային վերացումն իրականացվել է դեռևս նախորդ տասնամյակներում։
2026 թ․ փետրվարի 2-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ահազանգել էր, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը և պոկել եկեղեցու սրբապատկերները։
Կարևոր է ընդգծել, որ Արցախի տարածքում գտնվող մշակութային արժեքները ոչ միայն հայկական, այլև համամարդկային նշանակություն ունեցող ժառանգություն են։ Դրանց ոչնչացումը ուղղված է ոչ միայն պատմության կեղծմանը, այլև ամբողջական մշակութային հիշողության վերացմանը։
Միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճը սահմանափակված չէ միայն Արցախով կամ Նախիջևանով։ Նմանատիպ մեթոդաբանություն կիրառվում է նաև Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում, որտեղ պատմական և կրոնական հուշարձանների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հիշեցնում է նույն ձեռագիրը։ Սա վկայում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս ոչ միայն որպես մշակութային ցեղասպանություն իրականացնող պետություններ, այլև այդ քաղաքականության մեթոդաբանության արտահանողներ։
Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ նման գործողությունները չեն կարող դիտարկվել միայն որպես առանձին պետությունների ներքին մշակութային քաղաքականություն։ Դրանք առնչվում են համամարդկային մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող միջազգային իրավական նորմերին և պարտավորություններին, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հետևաբար, պատմամշակութային արժեքների, մասնավորապես՝ հայկական խաչքարերի նկատմամբ իրականացվող թիրախային ոչնչացումը դուրս է գալիս տարածաշրջանային հակամարտությունների շրջանակից և մտնում է միջազգային իրավունքի ու համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտ։
Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։
Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց:
Նման բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները կարելի է դիտարկել որպես 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի դրսևորում, որի նպատակն է վերացնել տարածաշրջանի հայկական ներկայության պատմական և նյութական վկայությունները»,- գրել է նա։


