
Պաշտոնական Երևանը մերժել է ռուսական կողմի նախաձեռնությունը՝ ԼՂ-ից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ․ Զախարովա
Հայաստանը հրաժարվել է հաստատել Ռուսաստանի կողմից ԼՂ-ից տեղահանված անձանց համար մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մատակարարումը․ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Հենց այսօր նկատեցինք, որ որոշ հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ պաշտոնական Երևանը մերժել է ռուսական կողմի նախաձեռնությունը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Մենք արդեն հարցեր ենք ստացել՝ սա հաստատելու, հերքելու, որպեսզի ենթադրություններ չլինեն։ Մենք, անկեղծ ասած, չէինք պատրաստվում հրապարակայնորեն մեկնաբանել այս ամենը, բայց հաշվի առնելով, որ հարցեր կային, ես ավելի մանրամասն կանդրադառնամ այս թեմային», – նշել է Զախարովան։
«Ռուսաստանը երբեք չի թողել նշված մարդկանց, նշված տարածաշրջանն առանց օգնության։ Այն երբեք անտարբեր չի մնացել Հայաստանում ապրող ղարաբաղցիների ճակատագրի նկատմամբ։ Մոսկվան առաջիններից մեկն էր, որ մարդասիրական օգնություն ուղարկեց հանրապետություն։ Չնայած այն ժամանակ էլ, ինչ-ինչ պատճառներով, Երևանն այդքան էլ գոհ չէր ռուսական կողմի օգնությունից։ Բանը հասավ նրան, որ պաշտոնական խողովակներով հայտարարվեց, կարծում եմ՝ դուք նույնպես հիշում եք՝ «շնորհակալություն, անհրաժեշտ չէ»։ Եվ հիմա կա նոր մերժում։ Հիմա՝ Ռուսաստանի մարդասիրական առաքելության, Եվրասիայի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» միջոցով Ղարաբաղի բնակիչներին շարունակական աջակցությունից», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ «Երևանի կողմից հաջորդ խմբաքանակի մատակարարումը հաստատելուց հրաժարվելու պատճառն, անկեղծ ասած, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան՝ պատասխաններ»։


