12 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽ-ում Փաշինյանի ելույթից հասկանում ենք՝ ընտրություններին ընդառաջ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվելու են բռնարարքներ․ Խ․ Հարությունյան

ԵԽ-ում Փաշինյանի ելույթից հասկանում ենք՝ ընտրություններին ընդառաջ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվելու են բռնարարքներ․ Խ․ Հարությունյան

Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթից հասկանում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությանն ընդառաջ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվելու են բռնարարքներ․ ABC Media-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Ինքը ներկայացրեց ընդդիմադիրներին որպես օտարերկրյա գործակալներ, կամ ռուսական ազդեցության տակ գտնվող ինչ-որ ուժեր։ Սա խոսում է այն մասին, որ ինքը հրապարակավ հայտարարում է, տեղեկացնում ի լուր եվրոպացիների, որ նախ՝  ձեր տված 15 միլիոն եվրոն մենք կօգտագործենք բռնաճնշումների նպատակով, անունը կդնենք իբր Ռուսաստանի հիբրիդային ազդեցություններից հանրային կյանքը զերծ պահելու կամ քաղաքական զարգացումները զերծ պահելու պատրվակ։ Նա կրոնական գործիչներին, մասնավորապես՝ Բագրատ սրբազանին, ներկայացրեց որպես երկրի թշնամի, այսինքն՝ օտարերկրյա գործակալ՝ նկատի ունենալով Ռուսաստանը։ Ուղիղ չասաց, որ Ռուսաստանը նկատի ունի, ասաց՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ի գործակալներ, բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ խոսքը Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասին է։ Այսպես նա փորձում է քողարկել իրական նկատառումները, մեծ իմաստով նախընտրական գործընթացներում ընդդիմադիրների դեմ բռնաճնշումների մասին էր տեղեկացնում եվրոպացի գործընկերներին»,-ասաց նախկին պաշտոնյան։

Հարությունյանը հիշեցրեց, որ նույն Եվրոպան լռում է, երբ տարբեր երկրներում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են լինում։

«Մի ամբողջ Արցախի հայություն ցեղասպանության ենթարկվեց, եվրոպացիները նույնիսկ ծպտում չհանեցին, էլ չեմ ասում Գազայի պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունները։ Եվրոպական պետությունների մի խումբ Ռումինիայում օրինական ընտրված նախագահին պաշտոնանկ արեց և չեղարկեց նրա ընտրությունների արդյունքները, հիշում ենք բոլորս։  Սա է այսօրվա Եվրոպան»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ նպատակը մեկն է՝  ցանկացած գնով հաղթել ընտրությունում։

«Ի՞նչ իրավունքներ, ի՞նչ օրենք, ի՞նչ Սահմանադրություն․ ցանկացած գնով պիտի հաղթեն։ Սա է, ըստ էության, այն պայմանավորվածությունը, որ ձեռք են բերել Եվրամիության քաղաքական ղեկավարության հետ, և որը երեկ Ստրասբուրգում իր ելույթի ժամանակ Փաշինյանը շատ անկեղծ շարադրեց։ Ուզում եմ օգտագործել հենց Փաշինյանի բառերը, որ ինքն ուղղում էր հոգևորականներին՝ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ցինիկ իշխանությունները ոտնահարելով թե՛ Սահմանադրությունը, և թե՛ գործող օրենքները՝ փորձում են համատարած վախի մթնոլորտ ստեղծել ընտրություններից առաջ՝ պիտակավորելով բոլորին, բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չեն։ Հիմա առավել քան երբևէ շատ հստակ երևում է իրենց թեզը` ովքեր մեզ հետ չեն, ուրեմն մեր դեմ են»,- ասաց նա։

Նախկին վարչապետը նշեց՝ Ադրբեջանն այսօր հայտարարում է իր տարածքային հավակնությունների մասին երբևէ Ադրբեջանի ենթակայության տակ չեղած տարածքների հանդեպ։

«Ադրբեջանը խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ ակնհայտ ակնարկելով Հայաստանի այսօրվա անկախ, ինչպես Փաշինյանն է պնդում, ինքնիշխան տարածքի ամենամեծ հատվածը։ Միաժամանակ այսօրվա իշխանություններն ասում են՝ հանկարծ չխոսեք Արցախի մասին։ Արցախը, որ դարեդար եղել է հայկական, ենթարկվել բռնաճնշումների և ցեղասպանության, այսօր ամբողջ մշակութային ժառանգությունն Արցախի, ըստ էության, վերացվում է, և որևէ հայտարարություն իշխանություններից մենք չենք լսում։ Փոխարենը, կարելի է Ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացնել աշխատանքից միայն նրա համար, որ նա փորձել է ԱՄՆ փոխնախագահի հետ զրուցել կամ իր կարծիքն է ներկայացրել ցեղասպանության կամ Արցախի հայության ճակատագրի հետ կապված։ Եվ սա կոչվում է խաղաղությո՞ւն, սա՞ է խաղաղությունը՝ պառկել, ստորանալ, ծնկաչոք մնալ, չերևալ հանկարծ։ Այդ գնով խաղաղությունը մեզ՝ հայերիս, պետք չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա չի նշանակում, որ ինքը կողմ է պատերազմի։

«Ես ասում եմ՝ կա արժանապատիվ խաղաղություն հաստատելու, այդ թվում նաև միջազգային հանրության աջակցությամբ և միջազգային իրավունքի օգտագործմամբ, ռեալ հնարավորություն»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական սպառնալիքն, ըստ նրա, օգտագործվում է գործող իշխանությունների կողմից հանրության շրջանում վախ սերմանելու համար։ Եվ այդ վախն այսօր ադրբեջանցիները մեր իշխանությունների ձեռամբ հաջողությամբ օգտագործում են Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ «սողացող» օկուպացիա իրականացնելու համար․«Սա է իրողությունը։ Դա խաղաղություն չէ, դա ինքնիշխան պետականության կործանման տանող ճանապարհ է, այս վարքագիծը կամ այս քաղաքականությունը խոսում է Հայաստանի պետականության ավարտի մասին, ինչպիսի բրոշներ էլ ուզում եք կպցրեք ձեր կրծքին, սա՛ է իրականությունը»։

Ինչ վերաբերվում է սահմանադրական փոփոխություն կատարելու վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ սա ևս մեկ անգամ աներկբա փաստում է, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի խոնարհաբար հետևում են Ադրբեջանի նախագահի պարտադրանքներին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ