27 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեմ հավատում, որ ամերիկացի Ջոնը, ֆրանսիացի Ժակը կամ ռուս Իվանը մեզ կպաշտպանեն․ Արսեն Սաֆարյան

Չեմ հավատում, որ ամերիկացի Ջոնը, ֆրանսիացի Ժակը կամ ռուս Իվանը մեզ կպաշտպանեն․ Արսեն Սաֆարյան

Ինչպիսի՞ն է հայ երգարվեստն այսօր, ինչ խնդիրներ կան այսօրվա Հայաստանում,
ինչ կորցրեցինք ազգովի վերջին տարիներին, և որոնք են դրա պատճառները։ Երգիչ, երգահան
Արսեն Սաֆարյանի հետ ցավալի հարցերի շուրջ ենք խոսել, բայց խոսել ենք նրանք բնորոշ
ձևով՝ ժպիտով։ Երգչի կարծիքով՝ խնդիրները լուծելի են․ ուղղակի պետք
է դրսից որևէ օգնություն չակնկալել, հույսը միայն մեզ վրա դնել։

-Ինչպիսի՞ն էր հայ երգարվեստը, երբ նոր էիք սկսում ձեր մասնագիտական
գործունեությունը և ինչպիսին է այն հիմա։

-Ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակները, այ որ ասում են՝ կարծես
երեկ էր, ինձ մոտ էլ է այդպես՝ հրաշալի ամեն ինչ հիշում եմ։  1996-1997 թվերն
ինձ համար շատ հետաքրիր ժամանակներ էին։ Թեև տեխնիկապես շատ բաներ չկային, բայց այդ
ժամանակ մենք երգում էինք հենց մեր հեղինակային երգերը և հավատ կար, որ գնալով ամեն
ինչ ավելի լավ լինի՝ համերգները կշատանան և այլն։ Ինչ-որ ժամանակահատված կար, որ ամեն
ինչ հենց այդպես էր։ Դա կարծես իմ երգարվեստի ոսկի ժամանակաշրջանն էր։ Այդպես եմ ասում,
որովհետև միչև 2010 թ․ ստեղծվում էին մեկը մյուսից լավ թե՛ երգեր, թե՛ տեսահոլովակներ։
Չէինք մտածում՝ ինչ երգ գրենք, որ հարսանիք կանչեն մեզ, մտածում էինք՝ ի՞նչ գեղեցիկ
բան ստեղծենք, ի՞նչ երգենք, որ ասելիք ունենա։ Չէինք ձգտում լողազգեստով կանանց նկարել
հոլովակներում, ուրիշ նշաձող էր դրված։ Ես համաձայն չեմ, երբ ասում են ժողովուրդը դա
է ուզում, այդ պատճառով էլ դա ենք տալիս։ Երգիչը պետք է մտածի, թե ինքն ինչ է տալիս։
Երբ լավն ես տալիս, լավն էլ կստանաս․ մնում եմ այդ կարծիքին։ Լավ բաներ էլ
եմ տեսնում, այնպես չէ, որ ամեն ինչ փնովում եմ։ Այսօր երիտասարդությունը ուզում է
լսել կենդանի կատարումներ, կենդանի նվագակցություն և դա շատ լավ է։

-Վերջին անգամ Արցախ Արթուր Գրիգորյանի հետ էիք գնացել, ի՞նչ զգացիք
այդ ընթացքում՝ Գրիգորիչի մոտ հույս կա՞ր, որ ամեն ինչ լավ կլինի։

-Ցավ կար․․․Ցավ կար, թե իր մոտ, թե ինձ մոտ։ Նման
տրամադրությամբ մենք երբեք Արցախում չէինք եղել։ Ինքը Արցախ մտնելուց նույնիսկ չպտտվեց,
չնայեց, Շուշիի նոր ցուցանակը․․․Մենք լուռ էինք, դեռ երկար չզրուցեցինք
իրար հետ, զրուցելու բան չկար։ Այդ ժամանակ մի բան զգացի․ ես ինձ բռնեցի
այն մտքի վրա, որ պարտությունը նույնիսկ օդում էր՝ այդպիսին էին տրամադրությունները։
Ամեն ինչ մի տեսակ ավելի գորշ էր դարձել։

Զգում էի, որ Գրիգորիչը շատ վատ տրամադրության մեջ է, բայց մի պահ
պայթեց, փլվեց էլ․․․Դա զիվորների համար երգելուց հետո էր․․․Այդ
ժամանակ մեզ թվում էր ամենավատ բանն արդեն տեղի է ունեցել, բայց Արցախը դեռ կար․․․Հույսը
երևի միայն այն էր, որ այդ ամենից հետո մենք միևնույն է Արցախն ամբողջությամբ չենք
կորցնի։

-Տարօրինակ չէ՞, որ Արցախի կորստի մասին համարյա չի խոսվում։

-Ինձ բավականին ժամանակ պետք եղավ, որ գամ այն եզրակացության, որ
մենք ենք մեղավոր մեր կորուստների մեջ։ Մեզ դուր է գալիս միֆեր ստեղծել, մինչդեռ իրականում
պետք էր գործ անել։ Պետք էր էգոիստ չլինել, և միայն անձնական շահի հետևից չընկնել։
Ամենակարևոր տեղերում սխալ մարդիկ են եղել հաճախ։ Դա է եղել պատճառը, որ մենք առաջ
չենք գնացել, չենք զինվել․ այդ ընթացքում Արցախի շուրջը կարելի
էր Չինական պատ էլ կառուցել։

Ասում են՝ ամեն մեկը իր տեղում թող լինի։ Բայց երբ շուրջս եմ նայում,
ուզում եմ ասել, ախր դուք էլ ձեր տեղում չեք։ Շատերը իրենց տեղում չեն։ Ինձ մոտ երբեմն
այնպիսի տպավորություն է, որ ամաչում են խոսել այդ մասին․ դե լավ՝ մի խոսեք,
ի՞նչ ասեմ։

-Ամաչում են, որ չկարողացա՞ն որևէ գործով օգտակար լինել։

-Իրենք լավ են, իրենց էլ պետք չի այդ մասին խոսել։ Կողքից նայելիս
թվում է, թե ոչ մի բան չի եղել։ Գնալով անտարբերությունը խորանում է։ Գուցե ժամանակի
ընթացքում էլի այդ ազգային ազատագրական ոգին գա, բայց հիմա ․․․Հա,
երգերը լսում, ոգևորվում են, բայց ապրելակերպից չի երևում, որ դրան են հավատում։

-2020 թ․-ի աշնանը Դուք Ձեր եղբոր հետ Արցախում
էիք և անձամբ եք տեսել՝ ինչ էր այնտեղ կատարվում։ Պատերազմից հետո պատմությունները
շատ էին և տարբեր, ի՞նչ միֆեր ստեղծվեցին այդ ժամանակ և որո՞նք էին հատկապես Ձեզ համար
նկատելի։

-Մենք տեսել ենք ճշմարտությունը․․․ Լսում եմ կարծիքներ, թե հայ տղամարդը
կռվող չի, փախնող է և այլն։ Դա անմիջականորեն խփում է մեր տեսակին, դա կատաղելու աստիճանի
վատ արտահայտություն է։ Պատերազմի ժամանակ մեկ-երկու հոգի փախչող միշտ է լինում, բայց
չես կարող ընդհանուրի մասին այդպես խոսել և դեռ ավելացնել, որ դա էր պատճառը, որ պարտվեցինք։
Այդպես չի եղել․ շատ քաջ տղերք ենք ունեցել և ունենք։

-Տարիներ առաջ երգիչ, ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանի հետ էի հանդիպել,
զրույցի ժամանակ ասաց, որ երջանիկ էր պատերազմի ժամանակ (Առաջին արցախյան պատերազմը
նկատի ուներ), որ հայրենիքի համար կռվելուց հրաշալի զգացողություն չկա․․․Ձեզ
մոտ ի՞նչ զգացողություններ էին մարտի դաշտում։

-Դա զգացողությունների փունջ էր․ ամեն ինչի պատրաստ էիր ընկերոջդ համար,
ամեն պահի կարող էիր ձեռքը բռնել․․․

Մկրտիչը ընտիր կռվող է եղել, ես չեմ կարող համեմատվել իր
հետ, բայց մեզ մոտ էլ եղել է հրամանատարին հավատալու հրաշալի զգացողություն․
դու հավատում ես քո կողքին կանգնած, փորձառու, քեզ ուժ տվող մարտիկին, ընկերոջը, ում
դու էլ քո երգով կարող ես մի բան տալ։ Ամենակարևորը այդ հանունը կար, բայց ստացվեց
այն, ինչ ստացվեց։ Ես այլ բանից էլ եմ ցավ ապրում․ մենք եղածից ճիշտ եզրակացություններ
չարեցինք, չկարողացանք ուղղել մեջքը և ճիշտ քայլերի շնորհիվ որևէ արդյունք ստանալ։

-Ձեզ մոտ հույս, այնուամենայնիվ, կա՞, որ ամեն ինչ լավ կլինի։

-Ես չեմ ուզում միամիտ բաներ խոսել և ասել՝ այո՛, մի քանի տարի
հետո ամեն ինչ լավ կլինի։ Այո՛, այն գիտակցությունը, որ հույսներս մեզ վրա միայն պետք
է դնենք, պատերազմից հետո է եկել։ Ես չեմ հավատում, որ ամերիկացի Ջոնը, ֆրանսիացի Ժակը,
կամ ռուս Իվանը կգան այստեղ՝ մեզ պաշտպանելու։ Պետք է զբաղվենք բանակաշինությամբ, մի
քիչ էլ նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակ լինի, Ադրբեջանում էլ ամեն ինչ խառնվի
իրար (ժպտում է), երևի թե այդ դեպքում մի բան կփոխվի։ Այլ պարագայում միամտություն
կլինի ասել, մի տարի հետո վեր ենք կենում գնանք մեր Հայրենիքը հետ բերենք։ Արդեն այդ
մեդալները արժեքը երևաց, միֆերն էլ կոտրվեցին։ Հիշո՞ւմ եք, որ իրար պարգևատրում էին․
«Լավ եմ անում, ես ինձ պարգևատրում եմ»․ այդ ամենը էլ պետք է չլինի, ռեալ բանակաշինություն
պետք է լինի։ Բայց այն, որ մենք ի վերջո պետք է սկսենք ատամ ցույց տալ,  կասկածից
դուրս է։ Այդ պայմանը դեռ ոչ-ոք չի փոխել՝ ոչ թե խփեն, երկու կմ էլ առաջ գան, ասենք
դե լավ, ոչինչ, որ առաջ են եկել։ Չէ՛, խփեց մեկ կմ դու էլ ես առաջ գնում, էլ չի խփի
այդ կողմից։ Ժամանակը ցույց է տվել՝ որ հատվածում մերոնք թեթև պատժել են, իրենք կանգ
են առել։ Թե չէ, եթե այսպես կիլոմետր առ կիլոմետր առաջ գան՝ կհասնեն այստեղ․․․

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը