
Ինժեներից՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար․ ո՞վ է Հրաչյա Թաշչյանը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար նշանակված Հրաչյա Թաշչյանը առաջին մասնագիտությամբ ինժեներ է։ 1986-ին է ավարտել Երևանի պոլիտեխնիկական համալսարանը։
1994-ին ՀՀ արտգործնախարարությունում է աշխատել և միայն 1995-1997-ին է Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում ստացել։
Արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Հրաչյա Թաշչյանը 1997-ից տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում․ եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ (2001-2003թթ․), ՄԱԿ-ում ՀՀ առաքելության անդամ (2005-2009թթ․)։
2018 թվականի նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է վարչապետի օգնական՝ արտաքին քաղաքականության ուղղությամբ ։ Մինչ այդ՝ Թաշչյանը ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել (2009-2011թթ․), այնուհետև դիվանագիտական առաքելություն է իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում՝ որպես դեսպանորդ (2014-2018թթ․)։
2020 թվականին Թաշչյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ պաշտոնավարելով մինչև 2021-ի դեկտեմբերի 1-ը։ 2021-2022թթ․ Թաշչյանն իր վերջին պետական պաշտոնին է նշանակվել՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։
2022-ից հետո Հրաչյա Թաշչյանը պետական պաշտոններ չի զբաղեցրել։ Սկսել է զբաղվել ակադեմիական գործունեությամբ։ Դասախոսել է «Գլաձոր» համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի միջազգային հարաբերությունների ամբիոններում։


