
Ինչպես Երևանում հուղարկավորեցին քաղաքական գործիչ Արամ Մանուկյանին
1919 թվականի հունվարի 29-ին բծավոր տիֆ հիվանդությունից մահանում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, քաղաքական-հասարակական գործիչ Արամ Մանուկյանը: Լուրն արագ տարածվում է Երևանում և ապա ամբողջ Հայաստանում:
Ժամանակի մամուլը մանրամասն ներկայացնում է, թե Արամ Մանուկյանի հուղարկավորության օրը ինչ էր կատարվում Երևանում. «Փետրվարի 1-ին Երևանում փակված էին բոլոր պետական հիմնարկություններն ու պաշտոնական տները, որովհետև այդ օրը հողին էին հանձնելու հայ ժողովրդի մեծ զավակներից մեկին` ներքին գործոց մինիստր Արամ Մանուկյանին։ Պատարագն սկսելուց դեռ առաջ Պողոս-Պետրոս եկեղեցու դիմաց, Աստաֆյան փողոցի երկայնությամբ, շղթա էր կազմել միլիցիոներների խումբը, բազմության առջևում կանգնել էր ձիավոր զորքը, մեջտեղում՝ ծաղկյա պսակներով զարդարուն սև դիատար օթոմոբիլը, որի վրա ծածանվում էր Դաշնակցության սևազարդ դրոշը, իսկ օթոմոբիլի շուրջը տեղավորված էր հետիոտն զորքը, վերջում թնդանոթաձիգների խումբն իրենց թնդանոթներով։ Խուռն հասարակությունը կանգնած էր Աստաֆյանի երկարությամբ, լեփ-լեցուն էր եկեղեցու թե գավիթը, և թե ներսը»։ («Զանգ», 1919, փետրվարի 9): Փաստագրական այս մանրամասնությունները ընդգծում են նաև այդ ժամանակի Երևանի կոլորիտը: Հոդվածում նշվում է նաև, թե մարդկային ինչ մեծ բազմություն էր մասնակցում Արամ Մանուկյանի հուղարկավորությանը: «Սգերթի առաջից գնում էր ձիավոր զորքը, դագաղի երկու կողմից շղթա էր կազմել միլիցիոներների խումբը, դագաղի առաջից գնում էին աշակերտներն ու որբերի խմբերը, իրենց դասատուների առաջնորդությամբ, ապա բազմաթիվ դրոշակներ էին տարվում, որոնց մեջ աչքի էր ընկնում Հ․ Յ․ Դաշնակցության և վանեցի կանանց ասեղնագործ դրոշը։ Դագաղին հետևում էին պաշտոնակիցների և հարգողների խմբերը, ապա հետիոտն զորքը, ժողովրդական բազմությունը, իսկ վերջից թնդնոթները։ Խուռն բազմությունը բռնում էր դագաղն իր ուսերի վրա կրելու համար, և կարգապահները հազիվ հնարավորություն ունեին սգերթի կարգը պահելու և իրոք, չէ՞ որ Արամն իր ամբողջ կյանքում կրել էր իր կարող ուսերի վրա հայ ժողովրդի ճակատագրական դառնությունների ամբողջ ծանրությունը»։ (Նույն տեղում): Արամ Մանուկյանի հուղարկավորությունը վերածվեց ազգային սգի:
Այդ օրը Երևանը դարձավ համազգային հիշողության և միասնականության քաղաք: Արամ Մանուկյանի հրաժեշտի այս պատկերները վկայում են, որ նա արդեն կենդանության օրոք դարձել էր Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդանիշներից մեկը:


