
Ո՞վ է Սև Օհանյանը, որի ֆիլմն արժանացել է 4 «Օսկար»-ի
«Օսկար» մրցանակաբաշխության ռեկորդային՝ 16 անվանակարգում առաջադրված «Մեղսավորները» ֆիլմն այս գիշեր տեղի ունեցած մրցանակաբաշխությանն արժանացել է 4 բաղձալի մրցանակի: Նշենք, որ ֆիլմի պրոդյուսերն է, Զինզի ու Ռայան Քուգլերներից բացի, ամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանը:
Ո՞վ է նա
Սևակ Օհանյանը ծնվել է 1987 թվականի հունիսի 2-ին, Գերմանիայում։ Չորս տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ։
20 տարեկանում նա գրել է, տնօրինել և ներկայացրել «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» միկրոբյուջետային ֆիլմն իր կյանքի հիման վրա։ Ֆիլմը հաջողության է հասել տարբեր երկրների հայ համայնքներում։ Օհանյանը ֆիլմի հասույթն օգտագործել է՝ վճարելու Հարավային Կալիֆոռնիայի թատերարվեստի դպրոցի ուսման վարձը և ստացել է պրոդյուսերի մագիստրոսի կոչում։
2012-ին ավարտելով թատերարվեստի դպրոցը՝ Օհանյանը ղեկավարել է տասնյակ գեղարվեստական ֆիլմեր։ Նա հատկապես հայտնի է որպես «Որոնում» և «Վազք» ֆիլմերի սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև ««Ֆրուտվեյլ» կայարանը» (Fruitvale Station) կենսագրական ֆիլմի պրոդյուսեր և Proximity Mediа-ի համահիմնադիր։
Ի դեպ, նրա առաջին ֆիլմը՝ Ռայան Քուգլերի կենսագրական մելոդրաման՝ ««Ֆրուտվեյլ» կայարանը», 2013 թվականին Sundance Film Festival կինոփառատոնում արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին։
2014 թվականին Օհանյանը ներկայացրել է 2 րոպեանոց Google Glass ։ Seeds-ը, որի ռեժիսորն է Անիշ Չագանթին։ Հետագայում նրանց համագործակցությունը շարունակվել է մի շարք այլ նախագծերում։ Կարճամետրաժ ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել համացանցում՝ 24 ժամում ապահովելով 1 միլիոնից ավելի դիտում YouTube -ում, ինչի շնորհիվ Օհանյանը տեղ է զբաղեցրել The Wrap թերթի 2014 թվականի նորարարների «Մտածող լիդերներ, որոնք փոխեցին Հոլիվուդը» ցանկում։
2018 թվականին Օհանյանը, համագործակցելով Ռայան և Զինզի Քուգլերների հետ, հիմնադրել է Proximity Media-ն։ Նրանք միասին ներկայացրել են «Տիեզերական ջեմ․ Նոր ժառագություն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Լեբրոն Ջեյմսը։ Այժմ նրանք աշխատում են մի շարք այլ ծրագրերի վրա։
2021 թվականի հունվարին Օհանյանը հայտարարվել է HBO Max-ի Դան Ֆրեյի «Ապագան քոնն է» գրքի վրա հիմնված «Ապագա» մեկ ժամանոց գիտական շոուի գործադիր պրոդյուսեր։
2021 թվականի փետրվարին պարզ է դարձել, որ Օհանյանի ընկերությունը՝ Proximity Media-ն, 5 տարվա պայմանագիր է կնքել Disney ընկերության հետ։


