
Թրամփը ժխտում է, աղբյուրները՝ պնդում․ ԱՄՆ ղեկավարը զգուշացվել է Պարսից ծոցի դաշնակիցների նկատմամբ Իրանի հնարավոր հակահարվածի մասին
Նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել են, որ Իրանի վրա հարձակումը կարող է հասցնել հակահարվածի ԱՄՆ-ի Պարսից ծոցի դաշնակիցների դեմ, թեպետ Թրամփը պնդում է, որ Թեհրանի արձագանքը անակնկալ էր։ Այս մասին Reuters-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյան և ԱՄՆ հետախուզական զեկույցներին ծանոթ երկու աղբյուր։
Ըստ աղբյուրի՝ պատերազմից առաջ հետախուզական գնահատականներում չի նշվել, որ Իրանի պատասխանը «երաշխավորված է, բայց այն անկասկած ներառված է եղել հնարավոր արդյունքների ցանկում»։
Նախորդ օրը ԱՄՆ նախագահը երկու անգամ ասել է, որ Իրանի կողմից Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի և Քուվեյթի դեմ ուղղված պատասխան հարվածները անակնկալ էին․ «Ոչ ոք դա չէր սպասում։ Մենք ցնցված էինք»։
Թրամփի պնդումը հաջորդել է վարչակազմի այլ պնդումներին, որոնք չեն հաստատվել ԱՄՆ հետախուզական զեկույցներով, օրինակ՝ այն մասին, որ Իրանը շուտով կունենա հրթիռ, որը կարող է հարվածել ԱՄՆ-ին, և որ միջուկային ռումբ պատրաստելու և այն օգտագործելու համար Իրանից 2-4 շաբաթ կպահանջվի։
Գործողությունից առաջ Թրամփը նաև տեղեկացվել է, որ Թեհրանը, հավանաբար, կփորձի փակել տնտեսապես կարևոր Հորմուզի նեղուցը։
ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ պատերազմից առաջ Թրամփին տեղեկացրել են, որ Իրանին հարվածելը կարող է հանգեցնել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության, որը կներառի Իրանի կողմից Պարսից ծոցի մայրաքաղաքների դեմ պատասխան հարվածներ, հատկապես, եթե Թեհրանը տեսնի, որ այդ երկրները հավանություն են տալիս կամ ակտիվորեն աջակցում են ԱՄՆ հարձակումներին։


