
Եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, և դա ունեցել է հանգուցալուծում․ ԿԳՄՍ նախարարը՝ Էդիտա Գզոյանին ազատելու մասին
Հայոց ցեղասպանության թանգարան/ինստիտուտի աշխատակիցները հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։
«Ես պարզ ու հստակ իրենց ասել եմ, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իրականացնեն այն հետազոտական գիտական գործունեությունը, թանգարանային գործունեությունը, որը իրականացնում են։ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացել է պետության կողմից, և երբեք պետությունը այսչափ աջակցություն չի տրամադրվել»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշել է, թե ինքը գնահատում է պաշտոնանկ արված տնօրեն Էդիտա Գզոյանին՝ որպես գիտնական։
«Նա ունի գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, կառավարումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն»,- ասել է նախարարն ու հավելել՝ եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, և այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը։
Հարցին՝ արդյոք աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է թանգարանում Արցախի բաժնի հնարավոր փակումը, Անդրեասյանն արձագանքել է․ «Նրանք բարձրացրել են տարբեր հարցեր իրենց գործունեությանը վերաբերող և իմ պատասխանը եղել է նույնը, որ իրենք վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իրենց գիտական հետազոտական գործունեության հետ կապված որևէ բան չի փոխվում»։
Անդրեասյանը բացառել է նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին վերականգնելու հավանականությունը։


