
Իրանը բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ Աշխարհի առաջնությունում Իրանի խաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու համար
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ Աշխարհի առաջնությունում Իրանի խաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջին։
Բանակցությունների պատճառը խաղացողների անվտանգության վերաբերյալ մտահոգություններն են։
Աշխարհի առաջնությանն Իրանի մասնակցությունը կասկածի տակ է դրվել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Իրանի մասնակցությունը ողջունելի է՝ նշելով, սակայն, որ նրանց համար նպատակահարմար չէ խաղալ ԱՄՆ-ում՝ «իրենց սեփական կյանքի և անվտանգության տեսանկյունից»։
«Թրամփը բացահայտորեն հայտարարեց, որ չի կարող ապահովել Իրանի ազգային հավաքականի անվտանգությունը․ մենք, անշուշտ, չենք մեկնի Ամերիկա։ Մենք բանակցություններ ենք վարում ՖԻՖԱ-ի հետ՝ Աշխարհի առաջնությունում Իրանի խաղերը Մեքսիկայում անցկացնելու համար»,- ասել է Թաջը։
ՖԻՖԱ-ն դեռևս չի արձագանքել հայտարարությանը։


