
Իրանում «սիրիական» սցենարը կարող է շատ վատ ազդեցություն ունենալ թե՛ մեր, թե՛ հարևան երկրների վրա, պետք է հետևենք, կարիքը եղավ, կմիջամտենք․ ԿԲ նախագահ
Իրանի դեմ ռազմական գործողությունները Հայաստանում գնաճի վրա կարող են թողնել 1.2-1.7%-ի ազդեցություն․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա՝ Իրանի ռազմական գործողությունների ազդեցությունը Հայաստանի գնաճի վրա կարտացոլվի արդեն մարտ ամսվա ցուցանիշների մեջ։
«Ինչ վերաբերում է պոտենցիալ վտանգներին, որ կոնֆլիկտը ժամանակի մեջ ձգվի, ու մենք գնանք ամենավատ սցենարով, ենթադրենք՝ Իրանում ինչ-որ զարգացումներ, որոնք ինչ-որ «սիրիական սցենար» են մեզ նկարագրելու, բնականաբար այդ սցենարները կարող են շատ վատ ազդեցություն ունենալ թե՛ մեր, թե՛ հարևան երկրների վրա։ Բայց այս պահի դրությամբ դրանց մատերիալիզացիայի հիմքերը չկան։ Պիտի հետևենք, տեսնենք՝ ինչ զարգացումներ են լինելու, և ընթացքում, եթե հանկարծ պետք լինի, մենք անպայմանորեն կմիջամտենք այն ձևով, որն անհրաժեշտ է մեզ հեռու պահելու այդ վատ սցենարներից»,- ասաց նա։


