
Լարիջանիի գլխի համար 10 մլն դոլար պարգև էր նշանակված, մենք դա անվճար արեցինք․ Իսրայելի ԱԳՆ
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի գլխի համար 10 միլիոն դոլար պարգև էր նշանակված, մենք դա անվճար արեցինք․ այսօր հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ հաստատելով Լարիջանիի մահվան մասին լուրերը։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին հարվածելով՝ «իսրայելական բանակը լուրջ քայլեր է ձեռնարկել ռեժիմի ահաբեկչական գործունեության դեմ»։
Սաարը նշել է, որ «ազատության ձգտող իրանցի ժողովրդի դեմ բռնաճնշումները գլխավորած այս անձանց սպանությունից հետո իրանցիներն այժմ ավելի անվտանգ դիրքում են»։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունից հետո երկրի զինված ուժերը նույնպես հաստատել էր, որ Լարիջանին սպանվել է Իրանում գիշերը տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ․ գրում է The Times of Israel-ը։
Իսրայելի բանակը պնդում է, որ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Լարիջանին «ծառայել է որպես իրանական ահաբեկչական ռեժիմի փաստացի առաջնորդ»։


