
Սպանվեց Ալի Լարիջանին․ ինչո՞վ էր հայտնի նա Իրանում և աշխարհում
Իրանի իշխանական վերնախավում Ալի Լարիջանին ամենազդեցիկ գործիչներից էր: Նրա սպանությունը Իրանը չի պատրաստվում ներել:
Լարիջանին վերջին ամիսներին փաստացի դարձել էր ճգնաժամային կառավարման կենտրոնական դեմքը՝ վերահսկում էր նաև միջուկային բանակցությունները, նաև՝ ներքին բողոքների դեմ ճնշումը: Նա միավորում էր տարբեր ուժային թևեր։ Լարիջանին ծնվել է 1958 թվականին Իրաքի Նաջաֆ քաղաքում՝ ազդեցիկ իրանցի հոգևորական այաթոլլա Հաշեմի Միրզա Ամոլիի ընտանիքում, որը շահ Մոհամմադ Ռեզայի կողմից աքսորվել էր Իրաք։ 1979 թվականի հեղափոխությունից հետո ընտանիքը տեղափոխվել է Իրան, որտեղ Ալի Լարիջանին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նրա եղբայրները նույնպես պետական համակարգում բարձր պաշտոններ են զբաղեցրել՝ ներառյալ դատական համակարգն ու արտաքին գործերի նախարարությունը։
Նա եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջին անդամներից մեկը, իսկ ավելի ուշ դարձել է Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանակցողը։ Նա նաև ղեկավարել է պետական IRIB հեռուստառադիոընկերությունը՝ տարիներ շարունակ ձևավորելով Իրանի մեդիա օրակարգը։
2005-2007 թվականներին Լարիջանին եղել է միջուկային ծրագրի գլխավոր բանակցողը՝ պաշտպանելով ուրանի հարստացման Իրանի իրավունքը։ Մի առիթով նա միջուկային վառելիքի արտադրությունից հրաժարվելու եվրոպական առաջարկները համեմատել է «մարգարիտը շոկոլադե սալիկի հետ փոխանակելու» հետ։ Իրանի փորձագետները նշում էին, որ նա փորձում էր դիվանագիտական ճանապարհով համոզել Արևմուտքին և համարվում էր պրագմատիկ գործիչ։
2005 թվականին եղել է երկրի նախագահի թեկնածու։ Ավելի ուշ փորձել է մասնակցել նաև 2021 և 2024 թվականների ընտրություններին, սակայն երկու անգամ էլ հեռացվել է Պահապանների խորհրդի կողմից։
2008-ից 2020 թվականներին Լարիջանին զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը՝ դառնալով հետհեղափոխական շրջանի ամենանշանավոր քաղաքական գործիչներից մեկը։ Նրա պաշտոնավարման ընթացքում, 2015 թվականին, երկու տարվա բարդ բանակցություններից հետո Իրանը վեց համաշխարհային տերությունների հետ կնքեց միջուկային համաձայնագիրը։ 2021 թվականին Խամենեին Լարիջանիին նշանակեց Չինաստանի հետ 25-ամյա ռազմավարական համաձայնագրի բանակցող․ բազմամիլիարդանոց գործարք, որը կարևոր նշանակություն ունի Իրանի երկարաժամկետ տնտեսական ռազմավարության համար։
Իր ամբողջ կարիերայի ընթացքում Լարիջանին զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ առանձնանալով Խամենեիի հանդեպ հավատարմությամբ և տարբեր մրցակցող խմբավորումների հետ հարաբերություններում պրագմատիկ մոտեցմամբ։
Վերջին ամիսներին նա նաև մի քանի անգամ այցելել է Մոսկվա՝ քննարկելու անվտանգային հարցեր։ Լարիջանին մասնակցում էր նաև Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններին։
Լարիջանին, որը 20 տարի առաջ ղեկավարում էր Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, այդ պաշտոնին կրկին վերադարձել էր Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա օդային պատերազմից հետո։
Ինչպես մյուս իրանցի պաշտոնյաները, նա հայտարարել է, որ հասկանում է տնտեսական դժվարությունների դեմ բողոքող քաղաքացիների տրամադրությունները, սակայն դատապարտել է ուժայինների դեմ հարձակումները՝ դրանք վերագրելով Իրանի «երդվյալ թշնամի» Իսրայելին։
Տեղեկություններ կան, որ հունվարի սկզբին, երբ բողոքները տարածվել էին ամբողջ Իրանում, աճել էին ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մտահոգությունները, այաթոլլա Խամենեին դիմել է Լարիջանիին՝ իրավիճակը կայունացնելու խնդրանքով։ Այդ պահից, ըստ իրանական աղբյուրների, Լարիջանին վերցրել է ճգնաժամի կառավարումը։
Իրանական աղբյուրների համաձայն՝ Լարիջանին, ըստ նախնական պայմանավորվածության, քայլեր է ձեռնարկել Խամենեիի մահվանից հետո իշխանությունը կենտրոնացնելու համար՝ օգտագործելով նախկին ԻՊՀԿ հրամանատարների, հատուկ ծառայությունների, նաև իր ընտանիքի՝ բարձրաստիճան հոգևորականների հետ ունեցած կապերը։ Լարիջանիի մահը կարող է ազդել ոչ միայն Իրանի ներսում իրավիճակի վրա, այլ նաև տարածաշրջանային զարգացումների՝ Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս։


