
Ինֆեկցիոնիստները, որոնք ծանրաբեռնված չեն, կվերապատրաստվեն՝ դառնալով ընտանեկան բժիշկ․ Ավանեսյան
Ապահովագրության շրջանակներում փոխվել է փոխհատուցման ամբողջ տրամաբանությունը, և եթե մենք առաջ ունեինք այսպես սահմանված հաստիքային աշխատավարձ, անկախ այն հանգամանքից, թե բժիշկը քանի պացիենտ ընդուներ, ի՞նչ աշխատանք կտաներ, հիմա տրամաբանությունը փոխվում է․ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով բժիշկների աշխատավարձերի նվազման մասին հարցին։
«Հունվար-փետրվար ամիսներին մենք այս անցման շրջանակներում որոշակի ուշացումներ ունեինք, որը այս ամիս արդեն լրացվել է, և, ըստ էության, մարտին բազմահազար բուժաշխատողներ տեսնում են ավելացումներ: Պիտի նշեմ, որ մենք մի քանի ուղղություններով խնդիրներ, որոնց պիտի անդրադառնանք»,- ասել է Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը նշել է, որ խնդիրները պոլիկլինիկաներում օրինակ ինֆեկցիոնիստների կամ գինեկոլոգների հետ են կապված, որոնք, փաստացի, քիչ բուժառուներ ունեն։
Նախարարը նշել է, որ նրանց առաջարկելու են վերապատրաստվել ընտանեկան բժշկության ոլորտի համար, որտեղ մասնագետների պակաս կա։
«Մենք առաջիկա օրերին քննարկումներ ենք ունենալու իրենց հետ։ Մենք պիտի մեր սիրելի մասնագետներին առաջարկենք վերապատրաստվելու ընտանեկան բժշկության ոլորտում, որովհետև այստեղ էլ ունենք պակաս մասնագետներ։ Ինչո՞ւ է սա տեղի ունեցել, որովհետև փոխվել է տուբերկուլոզով հիվանդացությունը, հիվանդությունը տարեցտարի նվազում է, փոխվել են նաև դրա բուժման սխեմաները, եթե նախկինում տուբերկուլոզի բուժման սխեման մոտ երկու տարի էր, այսօր նոր դեղորայքը, որ մենք ձեռք ենք բերում, շատ կրճատվել է։ Այսինքն՝ աշխատանքի ծավալը օբյեկտիվ, կրճատվել է։ Այո՛, հասկանում ենք, որ մենք պիտի մեր սիրելի մասնագետների զբաղվածության հարցը լուծենք։ Պոլիկլինիկայում ինֆեկցիոնիստին դիմելիություն չունենք»,-ասել է նախարարը։


