
Հայաստանն «ամենաազատ» երկիրն է հարևան պետությունների շարքում․ Freedom House-ի զեկույցը
Համաշխարհային ազատությունը 2025 թվականին անկում է ապրել։ Տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 54 երկիր գրանցել են քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վատթարացում, մինչդեռ միայն 35 երկիր գրանցել է բարելավումներ․ այս մասին նշվել է Freedom House միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2026-ին» զեկույցում։
Հայաստանը նախորդ տարվա համեմատ այս զեկույցում մնացել է նույն միավորներով և նույն տեղում։ Երկիրը գնահատվել է որպես «մասնակի ազատ»՝ 100 հնարավորից հավաքելով 54 միավոր։ Քաղաքական իրավունքը 23 է 40-ից, իսկ քաղաքացիական ազատությունը՝ 31՝ 60 հնարավորից։ Վրաստանը 51 միավորով ևս համարվում է «մասնակի ազատ»։ Մնացած հարևան պետությունները «ոչ ազատ» են։ Այսպիսով՝ Թուրքիան ունի 32միավոր, Ադրբեջանը՝ 6, Իրանը՝ 10։
Ազատ համարվող երկրների շարքում Միացյալ Նահանգները, Բուլղարիան և Իտալիան գրանցել են տարվա ամենամեծ անկումը։ Միացյալ Նահանգներում օրենսդրական դիսֆունկցիայի և գործադիր իշխանության գերիշխանության սրացումը, մարդկանց ազատ արտահայտվելու ունակության վրա աճող ճնշումը և նոր վարչակազմի կողմից «հակակոռուպցիոն երաշխիքները խաթարելու» քայլերը նպաստել են «բացասական գնահատականի փոփոխությանը։ Միացյալ Նահանգները զեկույցի 100-միավորանոց սանդղակով կորցրել է 3 միավոր, ինչը 2005 թվականից ի վեր իր զուտ անկումը հասցրել է 12 միավորի՝ ավելին, քան նույն ժամանակահատվածում ազատ համարվող ցանկացած այլ երկիր, բացառությամբ Նաուրուի և Բուլղարիայի։
Չնայած վերջին երկու տասնամյակների ընթացքում շատ իրավունքներ և ազատություններ նվազել են, լրատվամիջոցների ազատությունն, անձնական արտահայտման ազատությունը և պատշաճ դատավարությունը կրել են ամենամեծ ազդեցությունը։ Այս 20-ամյա ժամանակահատվածում վատթարացման հիմնական շարժիչ ուժերը եղել են հեղաշրջումները, զինված հակամարտությունները, ընտրված առաջնորդների կողմից ժողովրդավարական հաստատությունների վրա հարձակումները և ավտորիտար ռեժիմների կողմից ուժեղացված ճնշումները։
2005 թվականից ի վեր «մասամբ ազատ» կարգավիճակ ունեցող երկրների խումբը զգալիորեն կրճատվել է։ Տասնինը «մասամբ ազատ» կարգավիճակ ունեցող երկրներն իջել են մինչև « Ոչ ազատ»՝ ընդլայնելով աշխարհի ավտոկրատիաների շարքերը, որոնք դարձել են «ավելի ճնշող երկրի ներսում և ավելի ագրեսիվ արտերկրում։
2005 թվականի դրությամբ «ազատ» համարված երկրների ավելի քան 85 տոկոսը 20 տարի անց էլ ազատ է մնացել, իսկ 2005 թվականի դրությամբ «Ոչ ազատ» համարված երկրների 71 տոկոսը մնացել է «ոչ ազատ»։


