
Օդային և ռազմածովային ուժերի մեծացումից՝ ցամաքային զորքերի տեղակայում․ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ գործողություններն ուժեղացնելու տարբերակները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելքում իր գործողություններն ուժեղացնելու համար հազարավոր ամերիկացի զինվորականներ տեղակայելու հարցը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի և խնդրին ծանոթ երեք անձանց։
Նշվում է, որ զինվորականների տեղակայումը Թրամփին կտա ավելի շատ ճկունություն և ընտրության հնարավորություն իր հետագա քայլերի որոշման հարցում։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ ԱՄՆ-ի կողմից դիտարկվող հնարավոր գործողություններից մեկը նավթատարների անվտանգ անցման ապահովումն է Հորմուզի նեղուցով, առաքելություն, որը հիմնականում կիրականացվի օդային և ռազմածովային ուժերի միջոցով: Սակայն նեղուցի անվտանգությունը կարող է նաև նշանակել ԱՄՆ զորքերի տեղակայում Իրանի ափամերձ գոտում․ ասել են ամերիկացի երկու պաշտոնյաներ:
Նշվում է, որ Թրամփի վարչակազմը քննարկել է Իրանի Խարգ կղզի ցամաքային ուժեր ուղարկելու տարբերակները․ կղզին Իրանից արտահանվող նավթի 90%-ի կենտրոնն է։ Աղբյուրներից մեկն ասել է, որ նման գործողությունը շատ ռիսկային կլինի։
Սպիտակ տան պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, նշել է, որ «այս պահին ցամաքային զորքեր ուղարկելու որոշում չկա», սակայն նախագահ Թրամփը դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները։

