19 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան պատասխանում է Թրամփին․ «Իրանը մեր պատերազմը չէ»

Եվրոպան պատասխանում է Թրամփին․ «Իրանը մեր պատերազմը չէ»

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իրեն ոչ բնորոշ անսովոր կոպիտ լեզու է կիրառել՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի մասին։ ԱՄՆ ղեկավարը կոչ է արել երկրներին միանալ Իրանի դեմ ուղղված համաշխարհային ջանքերին և նավեր տեղակայել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար։

Մերցը գերմանացի օրենսդիրներին հայտնել է, որ համաձայն է, որ Իրանին չպետք է թույլ տրվի սպառնալիք ներկայացնել իր հարևանների համար, բայց կասկածներ է հայտնել ԱՄՆ-Իսրայել պատերազմի տրամաբանության վերաբերյալ։

«Մինչ օրս չկա համոզիչ ծրագիր, թե ինչպես կարող է այս գործողությունը հաջողության հասնել։ Վաշինգտոնը չի խորհրդակցել մեզ հետ և չի ասել, որ եվրոպական օգնությունն անհրաժեշտ է։ Մենք հայտարարել ենք, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, մենք չենք մասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովմանը, օրինակ` ռազմական միջոցներով», – օրենսդիրներին ասել է կանցլերը։

Եվրոպական առաջնորդները մերժել են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունը՝ զգուշանալով անկանխատեսելի հակամարտության մեջ ներքաշվելուց, որի նպատակները նրանք լիովին չեն հասկանում։

Մերցի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նույնքան անմիջական էր, որքան իր ղեկավարը. «Սա մեր պատերազմը չէ, մենք չենք սկսել այն»։ Գերմանիայի դիրքորոշումը կրկնելով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ընդգծել է. «Մենք հակամարտության կողմ չենք»։

Եվրոպացիները վաղուց զգուշանում են, որ Թրամփը կարող է զրկել Ուկրաինային օգնությունից կամ կփորձել ստիպել Կիևին ընդունել Մոսկվային օգտին գործարք։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշինքի գոյությունն է հարցականի տակ դրվել, քանի որ երկրները ցնցված են տարվա սկզբին ՆԱՏՕ-ի անդամ Դանիայից Գրենլանդիան վերցնելու Թրամփի մտադրություններից։ Թրամփը հայտարարել է, որ նրանք «շատ հիմար սխալ» են թույլ տվել՝ չմիանալով ԱՄՆ-ին Իրանում ռազմական գործողություններին։

Թրամփը հատուկ արհամարհանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, ով, նրա խոսքով, «Ուինսթոն Չերչիլ չէ»։

YouGov-ի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիները դեմ են հարձակումներին՝ 49% և 28% հարաբերակցությամբ։

Իսպանիայում վարչապետ Սանչեսը դատապարտել է Իրանի վրա հարձակումներն՝ անվանելով դրանք անխոհեմ և անօրինական։

Եվրոպական կառավարությունները հայտարարում են, որ չեն ցանկանում մտնել պատերազմի մեջ, որտեղ իրենց ձայնի իրավունք չի տրվել, և որտեղ նրանք չեն կարող տեսնել վերջնական արդյունքը։

Եվրոպացի պաշտոնյան գործակալության հետ զրույցում նշել է, որ ամերիկյան պատերազմի նպատակները սահմանված կամ հստակ չեն, և, հավանաբար, տարբերվում են Իսրայելի պատերազմական նպատակներից, մասնավորապես՝ ռեժիմի փոփոխության հարցում։

Լարվածության մեկ այլ նշան է այն, որ Մերցը և ուրիշները քննադատել են Թրամփին Ռուսաստանի նկատմամբ նավթային պատժամիջոցները մեղմացնելու համար ։

Եվրոպական տերությունները արձագանքել են Իրանի պատերազմին, բայց իրենց սեփական պայմաններով։

Սթարմերը նշել է, որ Մեծ Բրիտանիան դաշնակիցների հետ աշխատում է աշխարհի նավթի 20%-ի տեղափոխումն ապահովող Հորմուզի նեղուցը վերաբացելու ծրագրի վրա։

Ֆրանսիան ձգտել է ստեղծել կոալիցիա՝ նեղուցը պաշտպանելու համար, երբ անվտանգության իրավիճակը կայունանա՝ առանց ԱՄՆ-ի դերի։

Անցած շաբաթվա ընթացքում Փարիզը խորհրդակցություններ է վարել եվրոպական, ասիական, այդ թվում՝ Հնդկաստանի, և Պարսից ծոցի արաբական պետությունների հետ՝ մի ծրագրի շուրջ, որի համաձայն՝ ռազմանավերը, ի վերջո, կուղեկցեն տանկերներին և առևտրային նավերին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ