
Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով Իսպանիան կտարհանի Իրաքում տեղակայված իր զորքերը
Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով Իսպանիան պատրաստվում է առաջիկա օրերին տարհանել Իրաքում տեղակայված իր զորքերը․ գրում է The Strait Times-ը՝ հղում անելով Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսին։
Իրաքում տեղակայված է մոտ 300 իսպանացի զինծառայող։ Զինվորականները տեղակայվել են ինչպես «Իսլամական պետության» դեմ 2015 թվականին ստեղծված միջազգային կոալիցիայի շրջանակում, այնպես էլ 2018 թվականից ի վեր Իրաքի կառավարական ուժերին խորհրդատվություն տրամադրող ՆԱՏՕ-ի առանձին առաքելության շրջանակում։
Երկրի Պաշտպանության նախարարությունը կիրակի հայտարարել էր, որ 71 զինվորից բաղկացած հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումն արդեն իսկ ժամանակավորապես տեղափոխվել է իրենց բազայից՝ հաշվի առնելով Իրաքի հակաահաբեկչական ուժերի հետ վարժանքներ անցկացնելու անհնարինությունը։
Ռոբլեսը չի մանրամասնել, թե որտեղ են տեղափոխվելու զորքերը։

