19 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նույնիսկ եթե TRIPP-ի ռելսերը ոսկուց լինեն, Հայաստանի շրջափակումն այդ ճանապարհը չի ճեղքում․ Արթուր Խաչատրյանը՝ ԵԽ-ում    

Նույնիսկ եթե TRIPP-ի ռելսերը ոսկուց լինեն, Հայաստանի շրջափակումն այդ ճանապարհը չի ճեղքում․ Արթուր Խաչատրյանը՝ ԵԽ-ում   

Քիչ առաջ Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ելույթ եմ ունեցել և անդրադարձել Հայաստանում և Հայաստանի շուրջ տիրող իրավիճակին։ Մասնավորապես անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի անկախությանը, Անկախության հռչակագրի, անկախության հանրաքվեի նսեմացման քաղաքականությանը․ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանն անկախություն ստացավ ոչ թե երբ ընդունեց Անկախության հռչակագիրը, ոչ թե երբ համայն հայ ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր և քվեարկեց անկախության օգտին, այլ երբ Հայաստանը միացավ Անկախ պետությունների համագործակցությանը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրելով և վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը, այսինքն՝ եթե չլիներ Անկախ պետությունների համագործակցությունը, Հայաստանն անկախ չէ՞ր լինելու։ Եվ հիմա խոսում է հիբրիդային պատերազմների մասի՞ն։ Այսինքն՝ մի կողմից Փաշինյանն ասում է՝ Հայաստանը միացավ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի կողմից ստեղծված միությանը, բայց Հայաստանի անկախությանը սպառնում են հիբրիդային պատերազմները»,- ասել է նա։

Պատգամավորը խոսել է նաև TRIPP-ի մասին։

«Փաստերով, քարտեզներով ցույց եմ տվել, որ TRIPP-ն այս վիճակում չի կարող Հայաստանի շրջափակումը ճեղքել։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը երկաթգծային կապ ունենա արտաքին աշխարհի հետ՝ թե՛ արևելյան ճանապարհով, այսինքն՝ գործի Իջևան-Ղազախ ճանապարհը, և թե՛ բացվի Հայաստան-Թուրքիա կապը, և այդ հարցը մենք բարձրացրել ենք միշտ՝ ի տարբերություն Փաշինյանի, որն այսօր է դրա մասին խոսում։ Այդ հարցը պետք է լուծված լիներ 2025-ի օգոստոսին կամ գոնե 2026 թվականին, երբ ստորագրվեց TRIPP իրականացման շրջանակը։ Կրկնում եմ՝  նույնիսկ եթե ռելսերը ոսկուց լինեն, Հայաստանի շրջափակումն այդ ճանապարհը չի ճեղքում, անկախ նրանից՝ լավն է, թե լավը չի»,- նշել է նա։

Պատգամավորը խոսել է նաև խաղաղության մասին․ «Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Լավագույն դեպքում մենք ունենք հրադադար, և որպեսզի հրադադարը վերածվի իրական խաղաղության, արդար սկզբունքների վրա կերտված խաղաղության, մենք պետք է ջանքեր թափենք, պետք է ստիպենք Ադրբեջանին վերջ դնել իր ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությանը, և պաշտպանենք հայկական շահերը»։

Արթուր Խաչատրյանը խոսել է նաև արցախցիների վերադարձի իրավունքի մասին։

«Եվրոպական խորհրդարանը բազմաթիվ բանաձևեր ունի, որոնցով պահանջում է ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը։ Եվ մարդու իրավունքների եվրահանձնակատարը մի քանի շաբաթ առաջ ևս մեկ անգամ վերահաստատել է, որ արցախցիները վերադարձի իրավունք ունեն, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է արգելել մարդկանց վերադառնալ իրենց հայրենիք»,- նշել է նա։

Ըստ նրա՝ կփոխվի Նիկոլ Փաշինյանը, կփոխվի թե՛ եվրոպական քաղաքականությունը, թե՛ ամերիկյան քաղաքականությունը։

«Չենք կարող ակնկալել, որ որևէ երրորդ երկիր կամ երկրներ Հայաստանի իշխանություններից ավելի հայանպաստ լինեն։ Դրա համար պետք է փոխվի այս իշխանությունը, որ տարածաշրջանում իրական խաղաղություն լինի, որ տարածաշրջանում բոլոր կապուղիներն ապաշրջափակվեն, որ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք»,- նշել է Արթուր Խաչատրյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ