19 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան բոլոր հարևան պետություններում․ World Happiness Report

Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան բոլոր հարևան պետություններում․ World Happiness Report

«Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 147 երկրների շարքում 89-րդ տեղում է։

Վերջնական միավորը և տեղը ցանկում որոշելու համար զեկույցն օգտագործում է 6 հիմնական գործոն՝ սոցիալական աջակցություն, մեկ շնչի հաշվով ՀՆԱ, առողջ կյանքի տևողություն, ազատություն, առատաձեռնություն, կոռուպցիայի ընկալում։ Հայաստանում սոցիալական աջակցությունը 81.8% է, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ 20.414 դոլար, առողջ կյանքի տևողությունը 64 տարին է, ազատությունը՝ 80.3%, առատաձեռնությունը՝ 10.7%, կոռուպցիայի ընկալումը՝ 71.9%։

Հարևան երկրներից Ադրբեջանը 102-րդ տեղում է, Իրանը՝ 97-րդ, Թուրքիան՝ 94-րդ, Վրաստանը՝ 91-րդ։

Ֆինլանդիան 9-րդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաերջանիկ երկիրը։

«Երջանկության համաշխարհային զեկույցում» Իսլանդիան զբաղեցնում է երկրորդ տեղը, Դանիան՝ երրորդը։ Տասը ամենաերջանիկ երկրների շարքում են նաև Շվեդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Շվեյցարիան։

Միացյալ Նահանգները զբաղեցրել է 23-րդ տեղը։ Ռուսաստանն այս տարի զբաղեցրել է 79-րդ տեղը։

Աֆղանստանն ամենադժբախտ երկիրն է։ Սիեռա Լեոնեն, Մալավին, Զիմբաբվեն, Բոտսվանան, Եմենը և Լիբանանը նույնպես ընդգրկվել են ամենավատ ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։

Զեկույցում նշվում է, որ դրական հույզերը շարունակում են մնալ կրկնակի ավելի տարածված, քան բացասականները, սակայն բացասական հույզերը նույնպես ավելի ու ավելի տարածված են դառնում աշխարհի բոլոր տարածաշրջաններում։

Հաշվետվության մեջ նշվում է, որ Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում երիտասարդները զգալիորեն պակաս երջանիկ են, քան 15 տարի առաջ, մինչդեռ սոցիալական ցանցերի օգտագործումը զգալիորեն աճել է այս ժամանակահատվածում: Զեկույցում նշվում է, որ սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումը կապված է դեպրեսիայի և սթրեսի ավելի բարձր մակարդակի հետ։ Հաշվետվությունը եզրակացնում է, որ սոցցանցերի ակտիվ օգտատերերը ռիսկի են ենթարկվում՝ հատկապես անգլիախոս երկրներում և Արևմտյան Եվրոպայում:

«Երջանկության համաշխարհային զեկույցն» օգտագործում է 6 հիմնական գործոն՝ տարբեր երկրներում երջանկության զեկույցների տարբերությունները բացատրելու համար՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի բացակայություն: Զեկույցի հրապարակումը համընկնում է Երջանկության միջազգային օրվա հետ, որը նշվում է մարտի 20-ին:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ