19 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Տե՜նց բաներ ենք կորցրել»․ արցախցի կնոջ արձագանքը՝ քննիչների կողմից հեռախոսն առգրավելուն

«Տե՜նց բաներ ենք կորցրել»․ արցախցի կնոջ արձագանքը՝ քննիչների կողմից հեռախոսն առգրավելուն

Մարտի 18-ին՝ կեսգիշերն անց, Արցախից բռնի տեղահանված Մեսրոպյանների Նոր Հաճնի տուն մի քանի ոստիկաններ են մտել ու տեղեկացրել, որ ընտանիքի մորը՝ Գայանե Մեսրոպյանին, տեղափոխելու են Դիլիջանի բաժին։ Անչափահաս 3 երեխայի աչքի առաջ են ուշ գիշերին Գայանեին բերման ենթարկել ու հասցրել Դիլիջան՝ առանց բացատրություններ տալու։

«Ասացին հենց հիմա՝ մեր մեքենայով, մեզ հետ պիտի գաս բաժին։ Մնացել էի զարմացած՝ ի՞նչ պիտի արած լինեմ, որ տանեն բաժին։ Ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չասացին», – ասում է Գայանեն՝ արցունքն աչքերին հիշելով վախեցած 7-ամյա դստերը, որ լացելով գիշերվա 1-ին իր հետ Նոր Հաճնից մինչև Դիլիջան է հասել։

6 բնակարան են փոխել Մեսրոպյանները՝ 2023-ին Արցախից բռնի տեղահանվելուց հետո։ Առաջին բնակարանը Դիլիջանի Աղավնաձորում է եղել, հենց Դիլիջանում էլ ընտանիքը գրանցվել է։ Հետո Աբովյանի շրջան են տեղափոխվել, որովհետև ամուսինն Աբովյանում էր կարողացել աշխատանք գտնել, բայց գրանցումը այդպես էլ մնացել է Դիլիջանում։ Դա է պատճառը, որ այդ ժամին ոստիկանները Գայանեին հենց Դիլիջանի բաժին են տեղափոխել։ Քննչականում՝ հարցաքննության ժամանակ է միայն իմացել, որ 1 տարի հետախուզման մեջ է եղել Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի մասին արած մեկնաբանության պատճառով։

Գայանեին խնդրեցինք ցույց տալ մեկնաբանությունը։ Պարզվեց՝ հեռախոսը Դիլիջանի քննչական բաժնում վերցրել են՝ ուսումնասիրելու համար։ Չի վհատվում։ Դա ամենափոքր բանն էր, որ կարող էի կորցնել, ասում է։

«Հեռախոսս վերցրին, ասում են՝ էս կոդ չկա՞, ասում եմ՝ կոդն ինչի՞ս է պետք։ Ես վախենալու բան չունեմ։ Տե՜նց բաներ ենք կորցրել․․․», – ասում է ու չի կարողանում զսպել արցունքները։

Հստակ չէր հիշում, թե ինչ մեկնաբանություն է գրել, բայց ամուսնու պնդմամբ՝ բովանդակության մեջ այնպիսի բան չկար, որի համար արժեր ուշ գիշերին մտնել իրենց բնակարան և վախեցնել անչափահաս երեխաներին։

«Չէի՞ն կարող՝ սպասել, լույսը բացվեր։ Բա որ ճանապարհին երեխուս մի բան լիներ, ո՞վ էր պատասխան տալու», – մտահոգ ասում է հայրը։

Մեր նկարահանման պահին ընտանիքը շտապում էր դուրս գալ, նորից էին կանչել Դիլիջան՝ հերթական հարցաքննությանը։ Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել՝ ինչ հոդվածով է կնոջը մեղադրանք առաջադրվել։ Խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ