19 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր վախերը նման են վիշապների, որոնք նստած են մեր ամենամեծ գանձերի վրա․ Շուշանիկ Ղալթախչյան

Մեր վախերը նման են վիշապների, որոնք նստած են մեր ամենամեծ գանձերի վրա․ Շուշանիկ Ղալթախչյան

ABC ինտերվյուի հյուրը Whitebon ընկերության և Whitemind հոգեբանական կենտրոնի տնօրեն Շուշանիկ Ղալթախչյանն է։ Շուշանի հետ զրուցել ենք հոգեբանական տարբեր խնդիրների՝ մասնավորապես մահվան վախի, հոգեբանի մասին պատկերացումների և մի շարք այլ հարցերի շուրջ։

-Հետաքրքիր է, եթե մենք անմահ լինեինք, մեր վարքագիծը ինչպիսի՞ն կլիներ։

-Կարծում եմ՝ մենք բոլորս շատ ծույլ կդառնայինք։ Սա նաև իմ մենեջմենթի փորձից եմ ասում․ երբ մարդը չունի դեդլայն կամ սահմանագիծ, սովորաբար գործը հետաձգում է մինչև վերջին պահը։ Հիշեք թեկուզ մեր համալսարանում ուսանելու տարիները։

-Շուշա՛ն, քո հետազոտությունները վերաբերվում է մահվան վախերին։ Ի՞նչ արձագանքներ եղան այդ հետազոտությունն իրականացնելու ընթացքում։ Հե՞շտ էր մարդկանց ներգրավել նման թեմայի շուրջ կատարվող ուսումնասիրության մեջ։

-Մեր հասարակությունում այդ վախերը շատ են։ Այնքան շատ, որ նույնիսկ եղել են մարդիկ, ովքեր հետազոտության կեսից հրաժարվել են մասնակցությունից։ Կային նաև մարդիկ, ում հետ հետո առանձին աշխատեցի, որովհետև հետազոտությունն իրենց մոտ որոշակի ռեակցիաներ էր առաջացրել։ Ընթացքում եղան այնպիսիք, ովքեր պարզապես ասացին՝ ներեցեք, բայց ես այդ թեմայի մեջ ընդհանրապես չեմ ուզում մտնել։ Մահվան թեման մեր հասարակությունում մի տեսակ տաբու է։

-Արդյո՞ք մահվան վախը միայն բացասական հետևանքներ ունի, թե նաև կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ։

-Իմ թեման ոչ միայն մահվան վախն էր, այլև մահվան վախը և դրա ազդեցությունը մարդու ձեռքբերումների գնահատման ու արժեքային համակարգի փոփոխության վրա։ Ինձ հետաքրքիր էր հասկանալ՝ մահվան վախի դրսևորման դեպքում մարդու վերաբերմունքն իր ձեռքբերումների նկատմամբ փոխվո՞ւմ է, արժեքային համակարգում փոփոխություններ լինո՞ւմ են։

Պետք է այդ վախը դիտարկենք նաև մեկ այլ դիտանկյունից․ ինձ թվում է՝ պետք է լինի մութը, որպեսզի գնահատենք լույսը։ Եթե մահը դիտարկենք որպես մութ, իսկ կյանքը՝ որպես լույս, հենց այդ կոնտրաստի մեջ է մեծանում գնահատանքը։ Իսկ գնահատանքով ապրելն ամենամեծ պարգևներից մեկն է։

-Ինչպե՞ս է մահվան վախը փոխում մարդու արժեքային համակարգը։ Ինչպե՞ս է գիտակցումը փոխում կյանքը մահվան մասին մտածելիս։

-Մեր մոտ մահվան նկատմամբ վերաբերմունքը շատ բացասական է։ Նույնիսկ հիմա, երբ ինձ հարցնում են՝ «դե լավ, ի՞նչ գտար այդ մահվան վախի թեմայում», հաճախ ենթադրում են, թե ես ինչ-որ խնդիր ունեմ։ Բայց ես սիրում եմ մտնել այնտեղ, որտեղ ուրիշները վախենում են մտնել։

Կարծում եմ՝ որքան շատ ենք վախենում որևէ թեմայից, այնքան ավելի կարևոր է կարողանալ խորանալ դրա մեջ։ Մի շատ գեղեցիկ միտք կա․ մեր վախերը նման են վիշապների, որոնք նստած են մեր ամենամեծ գանձերի վրա։

Մենք բավական մեծ հետազոտություն իրականացրեցինք երկու տարիքային խմբերում՝ 20–30 և 40–50 տարեկանների շրջանում, տղամարդկանց և կանանց մասնակցությամբ։ Եվ հետաքրքիր արդյունքներ ստացանք։ Ի վերջո, ցանկացած վախ, եթե խորանանք, վերջին հաշվով մահվան վախ է։ Ես շատ եմ սիրում դա ապացուցել և գրեթե միշտ կարողանում եմ ցույց տալ այդ կապը։ Սակայն մարդը սովորական վախերին այլ կերպ է վերաբերվում, եթե չի գիտակցում, որ դրանց հիմքում մահվան վախն է։ Իսկ երբ արդեն գիտակցում է դա, վերաբերմունքը լիովին փոխվում է։ Կարծում եմ՝ այստեղ նաև կրոնական հիմք կա։ Մեր հասարակությունում, մեր կրոնական պատկերացումներում մահը հաճախ ընկալվում է որպես մի տեսակ պատիժ, որից հետո նոր կյանք ստանում են միայն արժանիները։ Ի տարբերություն օրինակ՝ բուդդիզմի, որտեղ ասում են՝ ապրի՛ր, որովհետև յուրաքանչյուր մարդ մի ամբողջ տիեզերք է, և եթե ծնվել ես, ուրեմն արդեն առաքելություն ունես։

–Այդ ընթացքում հիշեցի նաև իմ սիրելի վեպերից մեկը՝ «Վարպետը և Մարգարիտան»։ Այնտեղ մի միտք կա մահվան մասին։ Գրքի հերոսներիս մեկն ասում է, մարդու մահականացու լինելը դեռ կես դժբախտություն է, մարդու մահվան անսպասելի լինելն է իրական խնդիրը․․․

-Երբ մարդը հասկանում է, որ մահը կարող է լինել ցանկացած պահի, նույնիսկ ամենաառողջ մարդու պարագայում կյանքի հանդեպ վերաբերմունքը փոխվում է։ Այսօր էլ տեսնում ենք, որ բազմաթիվ հիվանդություններ՝ սրտի կաթված, քաղցկեղ և այլն, «երիտասարդացել են»։ Այդ գիտակցումը, եթե ընդունենք ոչ թե որպես վախճան, այլ որպես սահմանագիծ, կարող է փոխել մեր կյանքը։ Երբ մտածում ես ոչ թե «մեկ է՝ բոլորս մեռնելու ենք», այլ «քանի դեռ ապրում եմ, հնարավորություն ունեմ շատ բան անել», կյանքի հանդեպ վերաբերմունքը կարող է փոխվել նույնիսկ 180 աստիճանով։

–Օրինակ՝ Մեքսիկայում կա մի օր, որը կոչվում է Մեռյալների օր։ Թվում է սահմռկեցուցիչ, բայց իրականում այն նշվում է շատ ուրախ։

 -Այս թեման շատ գեղեցիկ ներկայացված է նաև «Կոկո» մուլտֆիլմում։ Այնտեղ ասում են՝ մարդը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ նրա մասին հիշում են։

Եթե կարողանանք մեր գնացած մարդկանց հիշել երախտագիտությամբ՝ այն ամենի համար, ինչ տվել են մեզ, դա շատ առողջ մոտեցում կլինի։ Երբ մշտապես ապրում ենք միայն կորուստի զգացմամբ, դա չի կարող ստեղծարարության տանել։ Իսկ ստեղծարարությունը մեզ շատ է պետք։

–Տարիներ առաջ մի հարցազրույց էի դիտում դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյի մասնակցությամբ։ Հարցազրույցի ընթացքում 70 անց դերասանուհին հանկարծ հարց տվեց լրագրողին․ «Իսկ դուք չե՞ք ուզում հարցնել ինձ՝ ես սիրահարվա՞ծ եմ, թե՞ ոչ»։ Այդ պահին հասկացա՝ մարդու հոգին իսկապես գաղտնիք է։ Քո կարծիքով կարելի՞ է այն ամբողջությամբ բացահայատել։

-Հոգեբանի համար մարդու հոգին բացահայտվում է այնքան, որքան մարդը պատրաստ է բացվել։ Հենց այդքան։ Երբեմն մարդը կարող է գիտակցաբար դիմադրել, բայց անգիտակցաբար պատրաստ լինել բացվելու։ Այդ դեպքում նույնպես հնարավոր է հասնել խորքային բացահայտումների։ Սակայն ամենաարդյունավետ աշխատանքը ստացվում է այն ժամանակ, երբ մարդը և՛ գիտակցաբար, և՛ անգիտակցաբար պատրաստ է բաց դաշտով գալ հոգեբանի մոտ։ Երբեմն նույնիսկ լինում է, որ այցելուի մոտ ինչ-որ բան հանկարծ հիշվում է, և նա ասում է՝ «Մի րոպե, սա կարևոր է, գրեք, հետո սրա մասին կխոսենք»։

–Ի՞նչ հատկանիշներ պետք են լավ հոգեբան դառնալու համար։

-Հոգեբան դառնալու համար միայն կրթությունը բավարար չէ։ Պետք են նաև որոշակի մարդկային հատկանիշներ։ Անկեղծ ասած՝ ես սկզբում չէի էլ պլանավորում դառնալ պրակտիկ հոգեբան։ Սկզբում ուսումնասիրում էի հոգեբանությունը պարզապես իմ աշխատանքի և գործընկերների հետ հարաբերությունները ավելի ճիշտ կառուցելու համար։

Սակայն ընթացքում պարզվեց, որ իմ ունեցած որոշ հատկանիշներ բավական համապատասխան են այս մասնագիտությանը։ Դրանցից ամենակարևոր երկուսը, իմ կարծիքով, էմպատիան և վերլուծական մտածողությունն են։ Շատ հաճախ այս երկու հատկանիշները միասին չեն հանդիպում։

Էմպատիան նշանակում է կարողանալ զգալ դիմացինի էմոցիան, պատկերացնել քեզ նրա տեղում՝ առանց նրա ցավը ամբողջությամբ վերցնելու քեզ վրա։ Եթե ամբողջությամբ վերցնես, արդեն չես կարող օգնել։

–Ինչու՞ է «մի՛ վնասիր» սկզբունքը կարևոր հոգեբանի համար։

-Հոգեբանի աշխատանքում շատ կարևոր է ոչ միայն խոսքը, այլ նաև խոսքի ինտոնացիան, ժեստերը, հայացքը։ Երբեմն նույնիսկ շատ կարևոր միտքը, եթե ասվի սխալ պահին կամ սխալ ինտոնացիայով, կարող է ոչ միայն ազդեցություն չունենալ, այլև վնասել։

Այդ պատճառով հոգեբանների հիմնական սկզբունքներից մեկն է՝ «մի՛ վնասիր»։ Սա բժշկությունից վերցված սկզբունք է, բայց մեր մասնագիտության մեջ ևս շատ կարևոր է։

Երբ մարդը գալիս է բժշկի մոտ, նա հասկանում է՝ ինչ գործընթաց է լինելու։ Բայց երբ գալիս է հոգեբանի մոտ, հաճախ չի պատկերացնում՝ որքան պետք է բացվի, ինչ զգացումներ կարող են առաջանալ, ինչ ճանապարհ է սպասվում իրեն։ Այդ պատճառով վստահության մակարդակը այստեղ շատ ավելի նուրբ է։

Ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում հոգեբանի այցելելուն։

-Շատ հաճախ մարդիկ իրենց այցի մասին նույնիսկ չեն ասում շրջապատին։ Երբ մարդը ասում է՝ «գնում եմ հոգեբանի մոտ», հաճախ հաջորդ հարցը լինում է՝ «ինչի՞, քեզ ինչ է եղել»։

Այսինքն՝ հասարակության մեջ դեռ կա պատկերացում, որ հոգեբանի մոտ գնում են միայն շատ լուրջ խնդիրների դեպքում։ Սակայն բարեբախտաբար այս մտածելակերպը աստիճանաբար փոխվում է, հատկապես երիտասարդների շրջանում։

Ի վերջո՝շատ ավելի լավ է սկսել հոգեբանից, որպեսզի խնդիրը չհասնի այն մակարդակին, երբ արդեն անհրաժեշտ է հոգեբույժի միջամտությունը։ Եվ նույնիսկ այդ դեպքում հոգեբույժը հաճախ աշխատում է հոգեբանի հետ համատեղ։

–Ո՞րն է այն հիմնական շարժիչ ուժը, որն ստիպում է ապրել, գործել, առաջ գնալ, իսկ դժվարությունների դեպքում՝ չհանձնվել։

-Ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր կենարար բանի հիմքում սերն է։ Եվ այստեղ սերը պետք է հասկանալ շատ լայն իմաստով՝ սկսած սեր առ հայրենիք, առ երկիր, սեր բառի ամենամաքուր իմաստով, որը չի փոխվում քաղաքական խաղերից կամ մանիպուլյատիվ մեթոդներից։ Սեր առ քո ընտանիք, որովհետև ոչ ոք իդեալական չէ, և մեր ընտանիքի անդամներն էլ իդեալական չեն։ Ի վերջո, շատ հեշտ է սիրել իդեալականը, իսկ փորձեք սիրել ոչ իդեալականը։ Սեր առ քո թիմը՝ այն մարդկանց, ում հետ աշխատում ես, և սեր առ քո աշխատանքը։ Շատ կարևոր է սիրել այն գործը, որով զբաղվում ես։ Թող մարդը փոխի չորս կամ հինգ մասնագիտություն, բայց գտնի այն, ինչ իսկապես սիրում է։

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ