
ՀՀ սահմաններին պահպանվել է հարաբերական կայուն իրավիճակ՝ պայմանավորված Վաշինգտոնում կնքված փաստաթղթով․ Սուրեն Պապիկյան
ՀՀ սահմաններին 2025-ին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն, ինչը պայմանավորված է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ․ այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման առաջընթացի 2025 թվականի զեկույցը՝ ՊՆ մասով։
«2025 թվականի ընթացքում սահմանային հատվածներում մարտական պայմաններում զոհեր և վիրավորներ չեն եղել»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ 2025-ին հաստատվել է բանակի կերպափոխման հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, որի շրջանակում իրականացվել են զինծառայողների ատեստավորման, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների շրջանակների ընդլայնման, զինված ուժերի կազմակերպչական և հաստիքային կառուցվածքի բարելավման, ինժեներական սարքավորման և ամրացված շրջանների կառուցման և այլ աշխատանքներ։
Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում ատեստավորվել և ծառայությունը շարունակում է 6270 զինծառայող, խոսքը վերաբերում է 2025 թվականի ընթացքին։
Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած՝ ատեստավորվել է դիմողների 73%-ը։


