
Հայտնաբերվել է iPhone-ը լրտեսող ծրագիր, որը թիրախավորում է օգտատերերի մի շարք երկրներում
Վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական տասնյակ կայքերում ներդրվել է հաքերային գործիք, որը կարող է ներթափանցել և գողանալ Apple-ի հարյուր միլիոնավոր օգտատերերի տվյալներ․ գրում է Reuters գործակալությունը։
Միջադեպն այս ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ հետազոտողները հայտնաբերում են iPhone-ները և Apple-ի այլ սարքեր թիրախավորող լրտեսական ծրագրեր:
Հաքերային ծրագիրը կոչվում է Darksword։ Հետազոտողները նշել են, որ պարզ չէ, թե քանի iPhone է այժմ խոցելի Darksword-ի կիբեռհարձակումների նկատմամբ: Նշվում է, որ չնայած Apple-ը թողարկել է մի քանի ուղղումներ այն հիմնական սխալների համար, որոնք կիբեռհանցագործներն օգտագործել են Darksword-ը ստեղծելու համար, 220-270 միլիոն iPhone-ներ դեռևս խոցելի են, քանի որ դրանց օգտատերերը դեռ չեն իրականացրել վերջին թարմացումները։
Google-ի հետազոտողները նշում են, որ տարբեր խմբեր, այդ թվում՝ ընկերություններ և, հնարավոր է, կառավարությունների կողմից աջակցվող հաքերներ, օգտագործել են այս գործիքը՝ թիրախավորելով օգտատերերի մի քանի երկրներում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, Թուրքիայում, Մալայզիայում և Ուկրաինայում։


