
Ի՞նչ ուղերձ է Հայաստանը տալիս աշխարհին, որ անտեսո՞ւմ է ամենամոտ հարևանի վիշտը․ Վարդան Օսկանյան
Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը, խայտառակություն է և վիրավորանք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությանը․ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Կաթողիկոսը պարզապես անհատ չէ․ նա մարմնավորում է մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունը։ Նրան արգելել ծանր պահին կանգնել եղբայր եկեղեցու կողքին, դիտավորյալ հարված է դարավոր հավատքին, ավանդույթին և հայ ու վրաց ժողովուրդների ու եկեղեցիների միջև եղած բնական և խոր կապին։
Այս քայլը բացահայտում է իշխանության մանրախնդրությունն ու վտանգավոր անհեռատեսությունը, երբ հորինված մեղադրանքներով պետական լծակներն օգտագործվում են ներքին հաշվեհարդարի համար՝ անգամ երկրի միջազգային հեղինակության հաշվին։
Ի՞նչ ուղերձ է սա աշխարհի համար․ որ Հայաստանն անտեսո՞ւմ է ամենամոտ հարևանի վիշտը նման պահերին։
Արտաքին դիտորդներն այստեղ կտեսնեն մի պետություն, որը կլանված է քաղաքական վենդետաներով, անտարբեր է իր հեղինակության նկատմամբ և կուրացած՝ չի գիտակցում պետությանը, ժողովրդին և միջազգային հեղինակությանը հասցվող վնասը»,- նշել է Օսկանյանը։


