
Իրանի պատերազմի հետևանքներն ընդգծում են TRIPP համաձայնագրի կարևորությունը, որը Անկարայի տնտեսական նպատակների բանալին է․ RFI
Հարավային Կովկասի տարածաշրջանը ձգտում է դիրքավորվել որպես նոր առևտրային միջանցք Եվրոպայի և էներգակիրներով հարուստ Կենտրոնական Ասիայի միջև, ընդ որում՝ Իրանում հակամարտությունն ընդգծում է Եվրոպայի էներգետիկ կախվածությունն անկայուն Մերձավոր Արևելքից․ գրում է Radio France internationale-ը (RFI)։
Ինչպես նշվել է, ԱՄՆ-ի միջնորդությամբ իրականացվող TRIPP նախագիծը համարվում է Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման բանալին։ Նոր առևտրային երթուղին, ինչպես սպասվում է, կդառնա, այսպես կոչված, «Միջին միջանցքի» մի մասը, որը էներգակիրներով հարուստ Կենտրոնական Ասիայի երկրները կապում է Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով։
Թեհրանը կտրականապես դեմ է այս նախաձեռնությանը, քանի որ միջանցքն այլընտրանք է առաջարկում Իրանով դեպի Կենտրոնական Ասիա տարանցիկ փոխադրմանը։ Սակայն Իրանի պատերազմն էլ ավելի է սահմանափակել Թեհրանի նվազող ազդեցությունը Կովկասում։
«Անկարան ցանկանում է տեսնել թույլ Իրան, որպեսզի կարողանան ընդլայնել իր ներկայությունը Հարավային Կովկասում Իրանի դեմ», – նշել է Նյու Յորքում գործող Global Source Partners խորհրդատվական ընկերության թուրք վերլուծաբան Աթիլլա Եսիլադան։
Նրա խոսքով՝ Իրանի պատերազմի հետևանքներն ընդգծում են TRIPP համաձայնագրի կարևորությունը, որը Անկարայի տնտեսական նպատակների բանալին է։
«Միջին միջանցքը» դիտվում է որպես Եվրոպայի համար հնարավորություն դիվերսիֆիկացնելու անկայուն Մերձավոր Արևելքից էներգիայի մատակարարումները։
Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Տատյանա Միտրովան նշել է․ «Իսկական գոհարը Թուրքմենստանի գազն է, որն աշխարհի ռեսուրսների առումով երրորդ խոշորագույնն է։ Ես կարծում եմ, որ «Միջին միջանցքի» մասին շատ քննարկումներ կլինեն թե՛ տարածաշրջանում, թե՛ Եվրոպայում»։
Այնուամենայնիվ, Միտրովան զգուշավոր է մնում նախագծի կենսունակության հարցում․ «Տնտեսապես այն գրավիչ չէ՝ չափազանց շատ ռիսկեր և չափազանց ցածր շահույթ»։
Կովկասը գտնվում է Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի և Իրանի հակամարտության միջև, ինչը հարցեր է առաջացնում այն մասին, թե որքանով անվտանգ կլինի Եվրոպա տանող ցանկացած նոր էներգետիկ ուղի։ Անկայունության նման սպառնալիքները կարող են նաև լուրջ խոչընդոտ դառնալ Եվրոպայի կողմից ենթակառուցվածքային խոշոր ներդրումների համար:


