
Սկանդալ «փախածների» շուրջ․ մետրոյի միջադեպը շարունակում են քննարկել սոցցանցերում
Երևանի մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վիճաբանել էր արցախցի կնոջ՝ Արմինե Մոսյանի հետ, հանրային արձագանքը չի մարում։ Սոցցանցերում, քաղաքական և հանրային շրջանակներում թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը։
Արմինե Մոսյանին ուղղված հրապարակային աջակցությամբ է հանդես եկել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Իր նամակում նա ընդգծել է կնոջ «ուղղամտությունն ու համարձակությունը»՝ նշելով, որ նրա պահվածքը «չարիքի էությունը մերկացնող» քայլ էր։ Գալստանյանը նաև հույս է հայտնել, որ արցախցիները կվերադառնան հայրենիք՝ կոչելով դա պայքարի և ազատագրման ազդարարում։
Քաղաքական դաշտից ևս կոշտ գնահատականներ են հնչել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրապարակել է Մոսիյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի պատերազմի օրերի լուսանկարը՝ ապաստարանում երեխային գրկած։ Նրա խոսքով՝ հենց այս մարդկանց են իշխանության ներկայացուցիչները անվանում «փախածներ»՝ ընդգծելով, որ նման արտահայտությունները բացահայտում են իրական վերաբերմունքը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ երեխայի ներկայությամբ նման տոնով խոսող մարդը չպետք է լինի երկրի վարչապետ։
Վերլուծաբան, ԲՀԿ անդամ Արման Աբովյանն էլ իր աջակցությունն է հայտնել արցախցի կնոջը։
«Ժողովուրդ ջան, դուք բոլորդ տեսել եք մետրոյում տեղի ունեցած խայտառակ միջադեպը՝ Արցախի պատերազմի հերոս Մերուժան Մոսյանի դստեր՝ Արմինե Մոսյանի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը բղավում էր և, ըստ էության, վիրավորում էր Արմինեին և արցախցիներին»,- գրել է նա ու հավելել, որ արժանապատվության վերականգնման խորհրդանիշ դարձած Արմինեն մենակ չէ։
Լրագրող Գևորգ Թոսունյանը քննադատել է իշխանությանը մոտ կանգնած լրատվականներին՝ մեղադրելով նրանց ատելության մթնոլորտ ձևավորելու համար։ Նրա խոսքով՝ նույնիսկ վարչապետի ներողությունից հետո շարունակվել է կնոջ դեմ ուղղված տեղեկատվական ճնշումը՝ անձնական նախկին գրառումների հրապարակմամբ և վիրավորական մեկնաբանությունների տարածմամբ։
Նույն թեմային անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա նշել է, որ վարչապետի ներողությունը հակասության մեջ է մտնում նույն քաղաքական ուժի տեղեկատվական վարքագծի հետ՝ մատնանշելով սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ատելության ալիքը։
Մետրոյում տեղի ունեցած դեպքին արձագնքել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա նշել է, որ տեղի ունեցածը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության ամբողջական մերկացումն էր։
Ստեփանյանի գնահատմամբ՝ մի կողմից ձևավորվում է հոգատարության պատկեր, սակայն մյուս կողմից՝ համակարգված կերպով թիրախավորվում և պիտակավորվում են տեղահանված արցախցիները՝ նրանց կարծիքը, ցավն ու արժանապատվությունը։ Նա նաև ընդգծել է, որ խնդիրը միայն մեկ միջադեպով չի սահմանափակվում՝ խոսելով ատելության մթնոլորտի և դրա հանդեպ արձագանքի բացակայության մասին։
Միևնույն ժամանակ, Ստեփանյանը հավելել է, որ Հայաստանի հասարակության զգալի հատվածի համար արցախցիները շարունակում են լինել քույրեր և եղբայրներ ոչ թե խոսքով, այլ վերաբերմունքով՝ ընդգծելով նաև վերադարձի բնական և արդար ձգտումը։
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ կոչ է արել ապահովել բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունությունը։
Նա կոչ է արել պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: «Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը»,- ասել է ՄԻՊ-ը։


