
Փաշինյանը ստիպված էր ներողություն խնդրել․ ռուսական մամուլի արձագանքը՝ մետրոյում Փաշինյանի և արցախցի կնոջ միջև վիճաբանությանը
Ռուսական մամուլը լայնորեն անդրադարձել է Երևանի մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև վիճաբանությանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը մետրոյում վիճաբանել է մի կնոջ հետ՝ Ղարաբաղի շուրջ։ Թեմայի շուրջ հրապարակումներ են արել РИА Новости-ն, Коммерсант-ը, Лента.ru-ն, Московский Комсомолец-ը, Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, RT-ն։
Известия-ն ընդգծել է, որ Փաշինյանը կտրուկ է արձագանքել Լեռնային Ղարաբաղը հանձնելու մեղադրանքներին։
НТВ-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամաքին, որ խոսակցությունն ընթացել է բարձր տոներով։
Մի շարք ԶԼՄ-ներ հրապարակել են նաև միջադեպին հաջորդած Փաշինյանի ներողությունը։ Մասնավորապես РИА Новости-ն նշել է, որ Փաշինյանը ներողություն է խնդրել կնոջից, ում վրա բղավել է մետրոյում։
Նշվում է, որ վարչապետի վարքագիծը բացասական արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում։ Օգտատերերը նրա վարքագիծը երեխայի ներկայությամբ և նրա օգտագործած հռետորաբանությունը համարել են անտեղի։
«ВЗГЛЯД» էլեկտրոնային պարբերականը հիշեցրել է, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ «Ադրբեջանի ինքնիշխանությունը» ճանաչելու իր պատրաստակամությունը վերագրել է խորհրդային գաղափարախոսության թերություններին, որոնք, իբր, անհնարին էին դարձնում իսկապես անկախ հայկական պետության գոյությունը: Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումն ամրապնդել է երկրի անկախությունը և փոխել նրա կարգավիճակը միջազգային ասպարեզում:
Փաշինյանի ներողությունը հրապարակել են նաև RT, Известия, ТАСС, Коммерсант, Лента. Ru, Московский Комсомолец, gazeta.ru լրատվամիջոցները։
Regnum-ը նշել է, որ Փաշինյանն ընդունել է իր չափազանց հուզական արձագանքելու փաստը։
Կայքը հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Փաշինյանը նախաստորագրել են խաղաղության հռչակագիր։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, ի թիվս այլնի, համաձայնել են վերսկսել առևտրային հարաբերությունները և ստեղծել տարանցիկ միջանցք, որը «Զանգեզուրի միջանցքից» վերանվանվել է «Թրամփի երթուղի»: Ըստ Հայաստանի կառավարության՝ Երևանի ու Բաքվի միջև համատեղ հռչակագիրը ցույց է տալիս երկու երկրների խաղաղության ձգտումը:
«Эхо Кавказа»-ն նշել է, որ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է անցկացնում Երևանում և մարզերում: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին: Փաշինյանի հիմնական մրցակիցը տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կուսակցությունն է:


