
Աշխարհն օրական ավելի շատ նավթ է կորցնում, քան 1970-ականների 2 ճգնաժամերի ընթացքում միասին վերցրած․ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար
Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմով պայմանավորված՝ իրավիճակն այժմ «շատ լուրջ» է, ավելի լուրջ, քան 1973 և 1979 թվականների նավթային երկու ճգնաժամերի ժամանակ․ գրում է The Guardian-ը։
«Այն ժամանակ՝ յուրաքանչյուր (նավթային-խմբ․) ճգնաժամի ժամանակ, աշխարհը կորցրել է օրական մոտ 5 միլիոն բարել նավթ, երկուսը միասին՝ օրական 10 միլիոն բարել։ Եվ բոլորս գիտենք՝ դրանից հետո ամբողջ աշխարհում խոշոր տնտեսական խնդիրներ առաջացան։ Իսկ այսօր մենք կորցնում ենք 11 միլիոն բարել, այսինքն՝ ավելին քան երկու խոշոր նավթային ճգնաժամերը միասին վերցրած»,- ասել է Բիրոլը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Եվրոպան կորցրել է 75 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ այս ճգնաժամի ընթացքում կորցրել է 140 միլիարդ խորանարդ մետր գազ:
Բիրոլը հավելել է, որ ճգնաժամը նաև լուրջ ազդեցություն է ունենում համաշխարհային տնտեսության այլ «կենսական զարկերակների» վրա, այդ թվում՝ նավթաքիմիական և պարարտանյութերի արդյունաբերության, ինչը կունենա երկարատև ազդեցություն։


