
Ինչպե՞ս են երկու պատերազմները բաժանում Եվրոպան ու ԱՄՆ-ն. Politico
Եվրոպական առաջնորդների ամենամեծ վախն այն է, որ Դոնալդ Թրամփի պատերազմն Իրանում կհանգեցնի նրան, որ նա կլքի Ուկրաինան․ գրում է Politico-ն։
ԵՄ 4 դիվանագետների խոսքով՝ կառավարությունները սարսափած են, որ ԱՄՆ նախագահը կարող է վրեժ լուծել Ամերիկայի եվրոպացի դաշնակիցներից՝ Մերձավոր Արևելքում օգնության իր կոչերը մերժելու համար, հիմնականում՝ կտրելով Կիևին ԱՄՆ-ի մնացյալ օգնությունից։
Անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Իրանի պատերազմը «չպետք է շեղի մեր ուշադրությունն այն աջակցությունից, որը մենք տրամադրում ենք Ուկրաինային»։
Վերջին օրերին Թրամփը բազմիցս քննադատել է ԵՄ առաջնորդներին՝ Հորմուզի նեղուցը բացելու համար ավելին չանելու համար։ Նա նաև բացահայտորեն կապել է ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածությունը ՆԱՏՕ-ում Մերձավոր Արևելքի հակամարտության հետ։
«ՆԱՏՕ-Ն «թղթե վագր» է։ Նրանք բողոքում են նավթի բարձր գներից, որոնք ստիպված են վճարել, բայց չեն ցանկանում օգնել Հորմուզի նեղուցի բացման հարցում…»,- Truth Social-ում գրել է Թրամփը՝ հավելելով․ «Մենք կհիշենք»։
«Երբ տեսնում ես, թե ինչ արեց Թրամփը Գրենլանդիայի հարցում, թե ինչպես նա անսպասելիորեն դադարեցրեց հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ, միշտ կա ռիսկ, որ Թրամփը կարող է դադարեցնել ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային», – նշել է դիվանագետներից մեկը։
«Մտահոգությունն ակնհայտորեն այն է, որ Մերձավոր Արևելքը շեղում է ուշադրությունն Ուկրաինայից», – հավելել է ԵՄ մեկ այլ դիվանագետ։
Եվրոպացի առաջնորդները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ակտիվացնում են ջանքերը՝ ցույց տալու համար, որ աջակցում են ԱՄՆ նախագահի՝ Հորմուզի նեղուցը բացելու նպատակին։
Ռյուտեն գովաբանել է Թրամփի ջանքերը։ Նիդեռլանդների նախկին վարչապետն անցյալ շաբաթ Իրանի ռազմական կարողությունների ոչնչացումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից անվանել է «շատ կարևոր»՝ այն կապելով «եվրոպական անվտանգության» հետ այն ժամանակ, երբ ԵՄ որոշ առաջնորդներ, օրինակ՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, պատերազմը քննադատել են՝ անվանելով այն «անօրինական»։ Մակրոնը, հրապարակավ ավելի զգույշ լինելով, ակտիվ է եղել կուլիսներում։ Անցյալ հինգշաբթի ԵՄ առաջնորդների հավաքից առաջ Թրամփի հետ երկու առանձին զանգերի ժամանակ Ֆրանսիայի նախագահը վստահեցրել է իր ամերիկացի գործընկերոջը, որ Ֆրանսիան կօգնի «մաքրել» նեղուցը, երբ պայմանները թույլ տան։


