
Պրահայում զանգվածային բողոքի ցույցեր են․ ազգը բաժանվում է երկու կատեգորիայի՝ «սովորական մարդիկ» և «անձեռնմխելիները»
Շաբաթ օրը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին վարչապետ Անդրեյ Բաբիշի և նրա կոալիցիոն կառավարության քաղաքականության դեմ բողոքի՝ մեղադրելով նրանց «իշխանության ամբարտավանության» համար․ գրում է Deutsche Welle-ն։
Ըստ որոշ աղբյուրների՝ ցուցարարների թիվը հասել է 200․000-ի։ Ցուցարարները մեղադրել են Բաբիշին երկիրը ժողովրդավարական արժեքներից հեռացնելու և Հունգարիայի ու Սլովակիայի ռուսամետ քաղաքականությանն աջակցելու համար։
«Մենք այստեղ ենք, որպեսզի հստակորեն դեմ կանգնենք մեր երկիրը Սլովակիայի և Հունգարիայի ճանապարհով տանելուն»,- նշել է «Միլիոն պահեր ժողովրդավարության համար» խմբի գլխավոր կազմակերպիչ Միկուլաս Մինարը։
Բաբիշը մերժել է ԵՄ շրջակա միջավայրի և միգրացիայի հիմնական քաղաքականությունը և հրաժարվել է Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունից։ Նրա կառավարությունը նաև պատրաստում է օտարերկրյա գործակալների մասին օրենք, որը կպահանջի, որ ոչ կառավարական կազմակերպությունները և անորոշ սահմանված քաղաքական գործունեությամբ զբաղվող և օտարերկրյա օգնություն ստացող անհատները գրանցվեն, հակառակ դեպքում՝ կենթարկվեն խոշոր տուգանքների։
«Այս օրենքը կարող է հեշտությամբ օգտագործվել անձնական ազատությունը սահմանափակելու համար», – նշել է Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Վացլավ Պաչեսը։
Կազմակերպիչները հայտարարել են, որ շաբաթ օրվա հանրահավաքը կազմակերպել են այն բանից հետո, երբ խորհրդարանի ստորին պալատը մերժել է Բաբիշի անձեռնմխելիությունը վերացնելու առաջարկը՝ ԵՄ-ի 2 միլիոն դոլարի սուբսիդիաների խարդախության գործով։ Ըստ ցուցարարների՝ նման որոշումներն ազգը բաժանում են երկու կատեգորիայի՝ «սովորական մարդիկ» և «անձեռնմխելիներ»։ Նախատեսվում է, որ բողոքի ցույցերը կշարունակվեն։


