23 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տասնյակից ավելի ՀԿ-ներ դատապարտել են Փաշինյանի վարքածիգը

Տասնյակից ավելի ՀԿ-ներ դատապարտել են Փաշինյանի վարքածիգը

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անընդունելի ենք համարում եւ դատապարտում ենք  2026թ․ մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը, ինչը ոչ միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում է, այլև Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության նկատմամբ անհանդուրժողական և ատելության խոսք․ ասված է տասնյակից ավելի ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացած ՀԿ-ները առանձնահատուկ մտահոգիչ են համարել այն հանգամանքը, որ խոսակցությունը տեղի է ունեցել կնոջ երեխայի ներկայությամբ և արձանագրել, որ Հայաստանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության, թիրախավորող և վիրավորական խոսույթի նման դրսևորումները եզակի չեն։

«Պահանջում ենք ՀՀ իշխանություններից և հատկապես վարչապետ Փաշինյանից․

  • Ձեռնպահ մնալ և բացառել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթի կիրառումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերով և փոխկապակցված լրատվամիջոցներով, ինչը հանգեցնում է ինչպես հասարակության բևեացվածության խորացման, այնպես էլ քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման,
  • Պատասխանատվության ենթարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ատելության խոսք արտահայտող և տարածող անձանց,
  • Հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները,
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և լրատվամիջոցներին՝ ապահովել իրենց սոցիալական ցանցերում ատելության խոսք պարունակող գրառումների և մեկնաբանությունների  մոդերացիա,
  • Եվ առհասարակ՝ երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը։

1.Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

  1. «Արդարության նոր մշակույթ» ՀԿ
  2. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  3. Հանրային լրագրության ակումբ ՀԿ
  4. Երևանի մամուլի ակումբ
  5. Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
  6. Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
  7. «Համայնքային համախմբման  և աջակցության կենտրոն»  ՀԿ
  8. «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
  9. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
  10. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  11. Հանուն հավասար իրավունքների ՀԿ
  12. Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
  13. Էկոլուր տեղեկատվական ՀԿ
  14. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  15. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ», – նշված է հայտարարության մեջ։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ