24 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը պատերազմի ավարտի երեք պայման է նշել

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը պատերազմի ավարտի երեք պայման է նշել

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին երկրում պատերազմը դադարեցնելու երեք պայման է նշել։

Այդ մասին նա խոսել է IRINN-ի (Իրանի ազգային ռադիոհեռուստատեսային ցանց) հետ։

Ռեզային հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի մինչև բոլոր վնասների փոխհատուցումը, բոլոր տնտեսական պատժամիջոցների վերացումը և երաշխիքի ստացումը, որ ԱՄՆ-ն չի միջամտի Իրանի ներքին գործերին։

«Սա մեր ժողովրդի, մեր առաջնորդի և մեր զինված ուժերի որոշումն է», – նշել է ռազմական խորհրդականը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «47 տարի շարունակ խաթարել է Իրանի տնտեսությունը» և խոչընդոտել է դրա զարգացումը։

Նրա խոսքով՝ Իրանի հակառակորդները ցանկանում են երկիրը բաժանել հինգ մասի։

«ԱՄՆ-ն ցանկանում է գրավել Բուշեհրը, Խուզեստանը և Իլամը (Իրանի նահանգներ)՝ իրենց նավթային պաշարներով, ինչպես Վենեսուելան», – հավելել է Ռեզաին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի քանի քաղաքների: Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, ինչպես նաև հարձակվել է Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա: Տարածաշրջանի մի քանի պետություններ ժամանակավորապես փակել են իրենց օդային տարածքը ստեղծված իրավիճակի պատճառով: Նույն օրը ավիահարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «շատ լավ» բանակցություններ է վարել Թեհրանի հետ Մերձավոր Արևելքում հակամարտության «լիակատար լուծման» վերաբերյալ: Իրանը, իր հերթին, պնդում է, որ ԱՄՆ-ի հետ անմիջական շփում չի ունեցել։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ