
Ո՞ւմ գաղափարն է եղել Խամենեիին սպանելը․ բացահայտումներ Թրամփ-Նեթանյահու զրույցից
Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական հարվածից 48 ժամից էլ պակաս ժամանակ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ կողմերը քննարկել են բարդ, հեռավոր պատերազմ սկսելու պատճառները․ պատերազմ, որին մի ժամանակ դեմ էր արտահայտվել ԱՄՆ առաջնորդը․ գրում է Reuters գործակալությունը։
Թրամփը և Նեթանյահուն դեռևս շաբաթվա սկզբին հետախուզական տվյալներից գիտեին, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նրա օգնականները շուտով պետք է հանդիպեին Թեհրանի նրա նստավայրում․ սա իրանցի պաշտոնյաներին խոցելի էր դարձնում` հարձակում երկրի բարձրագույն ղեկավարության դեմ. մոտեցում, որը հաճախ է կիրառել Իսրայելը, սակայն ոչ այնքան հաճախ՝ Միացյալ Նահանգները։
Reuters-ի աղբյուները նշում են, որ Նեթանյահուն, ցանկանալով իրականացնել այն գործողությունը, որի մասին տասնամյակներ շարունակ խոսում էր, պնդել է, որ այլևս երբեք նման հնարավորություն չի ընձեռնվի Խամենեիին սպանելու և «վրեժ լուծելու Թրամփին սպանելու՝ Իրանի նախկին փորձերի համար»:
Ըստ աղբյուրների՝ հեռախոսազրույցից առաջ Թրամփն արդեն իսկ հաստատել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի՝ ռազմական գործողություն իրականացնելու գաղափարը, սակայն չէր հստակեցրել, թե երբ կամ ինչ հանգամանքներում Միացյալ Նահանգները կմիջամտեր։
Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերը շաբաթներ շարունակ ամրապնդել էին իրենց ներկայությունը տարածաշրջանում․ հարվածից մի քանի օր առաջ նշանակված հնարավոր ամսաթվերից մեկը չեղարկվել էր վատ եղանակի պատճառով։
Պարզ չէ՝ ինչպես են Նեթանյահուի փաստարկներն ազդել Թրամփի որոշման վրա։ Աղբյուրները նշում են, որ այդ փաստարկներն, ինչպես նաև հետախուզական տվյալները խթան են հանդիսացել Թրամփի վերջնական որոշման համար՝ փետրվարի 27-ին զինվորականներին հրամայել սկսել «Էպիկական զայրույթ» գործողությունը։


