
Ավստրալիան և ԵՄ-ը հայտարարել են պաշտպանական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել են պաշտպանական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին: Բանակցությունները ընթանում են 2025 թվականի գարնանից։
Համաձայնագիրը ստորագրել են Ավստրալիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսը, արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը և Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։
Այն նախատեսում է համագործակցության խորացում պաշտպանական արդյունաբերության, կիբերանվտանգության, տնտեսական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև տիեզերական անվտանգության վերաբերյալ նոր երկխոսության մեկնարկ: Կողմերը համաձայնել են ընդլայնել հետախուզական տվյալների փոխանակումը և ստեղծել համատեղ կարողություններ սպառնալիքներին հակազդելու համար։
Ավստրալիայի պաշտպանական ընկերությունների համար համաձայնագիրը կստեղծի նոր հնարավորություններ ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: «Այս գործընկերությունը կխորացնի մեր հարաբերությունները և հիմք կդնի նոր հնարավորությունների, որոնք հետագայում կաջակցեն Ավստրալիայի արդյունաբերությանը և աշխատուժին», – նշել է Ռիչարդ Մարլեսը։
Ինչպես հաղորդել է Euractiv-ը, համաձայնագրի նախագծում նշվում է, որ Ավստրալիան և ԵՄ-ը «կամրապնդեն համագործակցությունը» Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կարևորագույն ծովային ենթակառուցվածքները պաշտպանելու համար և կկարողանան իրականացնել համատեղ ծովային գործունեություն։


