24 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր հասարակությունը հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից․ Տիգրան Աբրահամյան

Մեր հասարակությունը հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության կանխատեսելի վարքագիծն ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պատերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է․ այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունն ի սկզբանե առաջնորդվում է ոչ թե խաղաղության երաշխիքների առկայության, այլ հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով։ Իշխող ռեժիմն իր երկարակեցության ապահովման հիմքում դնում է իր՝ ամեն գնով զիջումներով, պարտությամբ և հպատակությամբ թվացյալ կարճաժամկետ խաղաղություն ապահովելու սկզբունքը, սակայն հանրային ցուցիչի և պրագմատիկ մոտեցման տեսանկյունից՝ քաղաքական ուժը, որի պաշտոնավարման օրոք երկիրը 5-6 անգամ ագրեսիայի և հարձակումների է ենթարկվել, ակնհայտորեն խաղաղություն բերողի ռեպուտացիա չի կարող ունենալ»,-ասաց նա։

Ըստ նրա՝ իշխանության պնդումը, թե իրենց՝ պետության ղեկին չմնալու պարագայում երկիրը պատերազմի հորձանուտ կմտնի, ևս մեկ հիմնավորում է առ այն, որ սահմանային առկա ստատուս-քվոն ոչ այնքան խաղաղություն է, որքան չկառավարվող հրադադար։

«Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները վերջին 5 տարվա ընթացքում կայուն աճել են, և չկա որևէ երաշխիք, որ դրանք ընտրություններից հետո գործողների վերարտադրման պարագայում չեն ավելանա, ինչը կա՛մ նոր զիջումների կբերի, կա՛մ նոր պատերազմի»,-ասաց նա։

«Ժողովուրդը հոգնել է ձեր սին խոստումներից, անընդհատ լարվածության տանող ու հոգեբանական բռնություն ենթադրող վարքագծից, և իրական խաղաղություն է փնտրում։ Մեր հասարակությունը հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող դժբախտություններից և ստի անսահման չափաբաժնից։ Ի վերջո, հանրությունը հոգնել է ձեզանից, և ձեր հետագա հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներում նոր ձախողումների, կորուստների, զիջումների և պատերազմի հեռանկար է ուրվագծում»,- իր ելույթը եզրափակեց պատգամավորը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026