
Վեհափառին չթողնելով գնալ Վրաստան՝ ՀՀ իշխանությունները մեր օրերի տարեգրության մեջ ավելացրին նվաստացման և ամոթի ևս մեկ էջ․ Լիլիթ Գալստյան
Երեկ Վրաստանը վերջին հրաժեշտը տվեց Իլյա Երկրորդին։ Պատրիարքի հուղարկավորությանն ու սուրբ պատարագին Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությունը բնական էր և պատշաճ, բայց քաղաքական և պարզ մարդկային խոհեմության փոխարեն՝ ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընտրեցին անթույլատրելին՝ մեր օրերի տարեգրության մեջ արձանագրելով նվաստացման և ամոթի ևս մեկ էջ․ այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Գարեգին Երկրորդին քննիչը չարտոնեց մեկնել Հայաստանից։ Սա պաշտոնապես, բայց մի՞թե ակնհայտ չէ, որ չարտոնեց անձամբ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, «հոգևոր բարենորոգիչը», կադրերի բաժնի վարիչն ու քրեական գործեր կարճողը։
Վաղուց Հիչքոքի չավարտվող սարսափի և մղձավանջի ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ այս կամայական և ապօրինի որոշումը ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրոգության և վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական վրաց ժողովրդի, նրա կորստի նկատմամբ։
«Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն և աններելի ակտ է տարածաշրջանում դարավոր բարեկամ երկրի, սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող վրաց ժողովրդի հանդեպ։ Սա նաև արհամարհանք է հայ ժողովրդի ավանդույթներին և արժանապատվությանը»,- ասաց պատգամավորը։
«Եվ գիտե՞ք՝ ինչն է ցավալին, որ չեք գիտակցում, թե ինչ հարված եք հասցնում երկրի վարկանիշին՝ տարբեր միջազգային հարթակներից հերյուրանքներ տարածելով Եկեղեցու, նույնն է թե հայ ժողովրդի հասցեին, իսկ իշխող ամբողջ վարչախմբում չի գտնվում գեթ մեկը, ով համարձակություն կունենա ընդվզելու այս ոչ քրիստոնեական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական քինախնդիր վարքի դեմ, իսկ «ուրախ ավտոբուսում» աշխարհը հավերժական ճոճք է թվում։ Բայց փորձեք ընկալել դրանից դուրս գտնվող իրողություններն ու աշխարհը, ուր ոչ մի ներողություն կամ ծնկաչոք աղոթք չի ջնջի ձեր մեղքերը»,- իր ելույթը եզրափակեց պատգամավորը։


