
Մերձավոր Արևելքում պատերազմը սպառնում է վնասել ՀՀ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի մշակութային ժառանգությունը․ ՅՈՒՆԵՍԿՕ
Առնվազն 15 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում, մշակութային ժառանգության վայրերը վտանգի տակ են Մերձավոր Արևելքում ընթացող մարտական գործողությունների պատճառով․ նշվում է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) հայտարարությունում։
Նշվում է, որ փետրվարի 28-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իրանում, Իսրայելում և Լիբանանում վնասվել են «բացառիկ մշակութային ժառանգության վայրեր»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև զգուշացնում է, որ «որոշ այլ վայրեր նույնպես վտանգի տակ են»։ Մասնավորապես, հնարավոր է, որ վնաս հասցվի Հայաստանին, Ադրբեջանին, Բահրեյնին, Իրաքին, Հորդանանին, Քուվեյթին, Օմանին, Պաղեստինին, Քաթարին, Սաուդյան Արաբիային, Սիրիային, Թուրքիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Եմենին և Կիպրոսին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն վստահեցրել է, որ «կշարունակի բոլոր շահագրգիռ կողմերի հետ կիսվել վտանգի տակ գտնվող վայրերի աշխարհագրական կոորդինատներով՝ դրանց վնասը կանխելու համար»։
Կազմակերպությունը նախկինում հաղորդել էր, որ ստացել է համաշխարհային ժառանգություն համարվող իրանական օբյեկտների վնասման մասին հաղորդագրություններ։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ ավիահարվածներից վնասվել է երկրում ավելի քան 120 պատմական հուշարձան, որոնցից 43-ը գտնվում են Թեհրանում:


