
Փաշինյանը փախստական կնոջ մեջ տեսել է ևս մի քաղաքական հակառակորդի, որը ձգտում է խլել իշխանությունը․ НГ-ն հեգնել է ՀՀ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավում շեշտը դնել Ադրբեջանի հետ պատերազմի վրա. գրում է «Независимая газета»-ն։
Կառավարության ղեկավարը պնդում է, որ եթե իր կուսակցությունը հաղթի, ապա ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, բայց եթե պարտվի, Բաքուն կարող է հարձակվել այս աշնանը։ Ընդդիմությունը համոզված է, որ Փաշինյանը փորձում է վախեցնել հայերին։
Ինչպես նշվում է, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 16 կազմակերպություն և լրագրողական միավորում Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելություն հրահրելու համար։
«Պետք է նշել, որ հայերի մեծամասնությունը կարեկցանք է զգում փախստականների նկատմամբ, այլ ոչ թե ատելություն։ Ինչ վերաբերում է վարչապետի վարքագծին, մետրոյում տեղի ունեցած միջադեպը դատապարտելուց հետո հայերը վերադարձել են իրենց առօրյա կյանքին։ Ընդհանուր առմամբ, գաղտնիք չէ, որ Փաշինյանը բավականին տաքարյուն մարդ է։ Հնարավոր է, որ խորհրդարանական ընդդիմության հետ դաժան բանավեճերին դիմանալուց և փախստականի կողմից մերժվելուց հետո, նա իր առջև տեսել է ոչ թե երկարատև տառապանքների ենթարկված կնոջ՝ երեխայի հետ, այլ ևս մի քաղաքական հակառակորդի, որը ձգտում է խլել իշխանությունը նրանից», -գրում է «Независимая газета»-ն։
Ինչևէ, հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը դարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի հիմնական թեման։ Փաշինյանը պնդում է, որ եթե իր կուսակցությունը պարտվի ընտրություններում, իշխանության կգան նրանք, ովքեր կփորձեն վերանայել Ադրբեջանի հետ կնքած խաղաղության համաձայնագիրը, ինչը կհանգեցնի պատերազմի արդեն այս աշնանը։
Հատկանշական է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի թաքցնում դա անելու իր մտադրությունը։ Սակայն պետության նախկին ղեկավարը վստահ է, որ դա չի հանգեցնի որևէ պատերազմի. ընդհակառակը, եթե նա ղեկավարեր երկիրը վերջին 8 տարիների ընթացքում, Ղարաբաղը դեռ հայկական կլիներ։
Նախկինում Հայաստանի կառավարությունը, Ադրբեջանի հետ նոր պատերազմով սպառնալուց բացի, նաև շեշտում էր երկրի եվրաինտեգրումը։ Սակայն այժմ Երևանը հայտարարում է, որ այս գործընթացի համար ժամանակացույց չկա։ Ավելին, պարզ չէ, թե երբ է սպասվում Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունների ավարտը։
Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայ-թուրքական երկխոսությունը հասել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի լիակատար բացման կետին։ Մնում է միայն ստանալ Անկարայի համաձայնությունը։


