
Ինքնիշխան պետությունների դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անթույլատրելի է․ ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը՝ Իրանի դեմ պատերազմի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հայտարարություն է ընդունել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ լարվածության սրման վերաբերյալ։
Փաստաթղթում խոր մտահոգություն է հայտնվում տարածաշրջանում լարվածության կտրուկ սրման առնչությամբ, որը պայմանավորված է Իրանի շուրջ իրավիճակն ապակայունացնելուն ուղղված արտատարածաշրջանային ուժերի կողմից սադրիչ գործողություններով։
Խորհրդարանականները նշել են, որ նման գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Հայտարարությունում ընդգծվում է ինքնիշխան պետությունների դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և վերսկսել երկխոսությունը՝ առկա տարաձայնությունների խաղաղ կարգավորման համար։ Փաստաթղթում աջակցություն է հայտնվում Իրանի կառավարությանը և ժողովրդին։
«Մենք ուժի կիրառումը համարում ենք անընդունելի, և կոչ ենք անում առկա հակասությունները լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնված երկխոսության, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու վրա՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի համաձայն», – նշվում է հայտարարությունում։


