
Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիների տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար։
«Անհրաժեշտ եմ համարում շնորհակալություն հայտնել ճանապարհի երկայնքով գտնվող երկրներին և հարևան երկրներին, որոնք մեծապես համագործակցեցին։ Ես նաև շնորհակալ եմ այն իրանցիներին, որոնք օգնեցին ծածկել ծախսերը։ Չնայած ես ձեռնպահ կմնամ անուններ նշելուց, արտասահմանում գտնվող բազմաթիվ իրանական ընկերություններ և անհատներ իսկապես օգտակար էին այս հարցում։ Այստեղ ես պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարություններին՝ իրանցիների տեղափոխման գործում իրենց համագործակցության համար»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի օգնություն են ցուցաբերել։
«Բացի այդ՝ համագործակցություն կար մարդասիրական օգնության ուղարկման հարցում՝ դեղորայք, սնունդ․․․Ես կցանկանայի ընդգծել, որ մենք ողջունում ենք ցանկացած երկրի, որը ցանկանում է օգնել. ոչ թե որովհետև մեզ այդ օգնությունը պետք է, այլ Իրանի ժողովրդի հետ համերաշխություն ցույց տալու համար»,- նշել է Արաղչին։


