
Երեկ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց․ զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Դատախազություն
Զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի դիմաց ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։
«Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այո, մեր որդիներին գիտակցված տարել են զոհողության։ Եվ այս պահին «Որդիների կանչ» ՀԿ-ն հաղորդում է ներկայացնում Գլխավոր դատախազություն, որովհետև եթե գիտակցված ինքն ուզում էր Հայաստանի Հանրապետությունը փրկեր, այդ դեպքում ինչո՞ւ իր որդուն կամ ՔՊ-ականներն իրենց տղաներին կամ իրենք անձամբ չէին զոհաբերում իրենց։ Եթե կա երկրի ղեկավար, որ պատրաստ չի զոհաբերել իրեն հանուն հայրենիքի, ուրեմն այդ երկրի ղեկավարը ոչինչ է»,- ասաց Արա Ռոստոմյանը։
Նա նշեց, որ որևէ ակնկալիք չունեն Գլխավոր դատախազությունից, որովհետև իրենք նույն հաղորդումը հանցագործության մասին 2022 թվականի ապրիլի 26-ին էլ են ներկայացրել․ «Մենք հենց այդ ժամանակ ենք ոտքի կանգնել և պայքարում օրվա իշխանությունների դեմ, և իրենք ամեն ինչն այդպես էլ ծածկադմփոց արեցին, փակեցին»։
«Մենք վստահ ենք, որ մի երկու-երեք ամիս հետո իշխանությունը փոխվելու է, և այդ ժամանակ նոր մեր հաղորդումները նորից կբացվեն, և այդ հանցագործությունները կպատժվեն՝ ըստ արժանվույն։ Մենք ուղղակի չենք կարող լռել և չբարձրաձայնել այդ հանգամանքը։ Այսօր մենք այդ հարցը բարձրացնում ենք, որ ժողովուրդը իմանա, թե ովքեր են իրենց իշխանավորները»,- ասաց Արա Ռոստոմյանը։
Ըստ նրա՝ եթե հաջորդ ընտրություններից հետո ՔՊ-ն վերարտադրվեց, էլի զոհելու են, որպեսզի 29․000 քառակուսի կիլոմետրից գոնե 10․000-ը պահեն, հետո՝ էլի։
«Սա ճիչ է ծնողների կողմից, որպեսզի ուշքի գան և ճիշտ ընտրություն կատարեն, որպեսզի իրենց որդիները չզոհաբերվեն հանուն Նիկոլի աթոռի»,- նշեց զոհված զինծառայողի ծնողը։


