
Մայիսին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը․ մասնակցելու են Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը
2026-ի մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
«Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են 2026-ի մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում:


