
Հայաստանում տնտեսական ազատությունն ավելի բարձր է, քան համաշխարհային միջինը և ավելի ցածր՝ քան տարածաշրջանային միջինը
ՀՀ տնտեսական ազատության միավորը 67.1 է, ինչը նրա տնտեսությունը դարձնում է 52-րդը 184 երկրների թվում։ Այս մասին նշվում է Heritage Foundation-ի հրապարակած 2026 թվականի «Տնտեսական ազատության» ինդեքսում: Երկիրը համարվում է տնտեսապես «չափավոր ազատ»։ Նրա վարկանիշը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 1.7 միավորով, և Հայաստանը զբաղեցնում է 28-րդ տեղը Եվրոպական տարածաշրջանի 44 երկրներից: Երկրի տնտեսական ազատության միավորը ավելի բարձր է, քան համաշխարհային միջինը (59․9), և ցածր՝ քան տարածաշրջանային միջինը (68․9):
Ինչպես նշվել է, ՀՀ-ում ընդհանուր կարգավորող շրջանակը մնում է արդյունավետ, և գործում են բաց շուկաներին աջակցող քաղաքականություններ: Երկրի ընդհանուր տնտեսական դիմադրողականությունը և հարկաբյուջետային կարգապահությունը նշանակալի են և արտացոլում են նրա շարունակական անցումը դեպի ավելի մրցունակ տնտեսություն: Կոռուպցիայի վերացման և դատական արդյունավետության բարելավման ոլորտում առաջընթացը, որը կստեղծի ավելի մեծ հնարավորություններ ավելի կենսունակ տնտեսական զարգացման համար և կբարձրացնի Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն, լիովին ինստիտուցիոնալացված չէ:
Հարևան պետություններից Վրաստանը 184 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը՝ 69․6 միավորով։
Ադրբեջանի միավորը 64.3 է։ Երկիրը զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը։ Այս երկու պետություններում էլ տնտեսությունը «չափավոր ազատ» է։
Իրանը 41․8 միավորով 169 րդն է։ Այստեղ տնտեսական ազատությունը համարվում է «ճնշված»։
Թուրքիան «մեծ մասամբ ոչ ազատ» է և 55 միավորով աշխարհում 117-ն է։


